Հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումից հետո «Միջազգային հարաբերությունների հետազոտական կենտրոնի» վերլուծաբան Ջավիդ Վելիեւն իր հոդվածում գնահատել է տարածաշրջանի նոր իրողությունները, Ռուսաստանի դերն ու մասնավորապես Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների վերաիմաստավորումը։
Նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում լիովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակ է՝ Վելիեւն ասում է, որ վերջին երկու տարվա դիվանագիտական պայքարում Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են պահպանել իրենց ռազմական ու դիվանագիտական առավելությունները։ Ու մեջբերում է Ալիեւի խոսքը՝ ի գնահատումն Թուրքիայի ակտիվ միջամտության․ «Թուրքիայի աջակցությունը մեզ ուժ տվեց ու կանխեց որոշ այլ դերակատարների միջամտությունը պատերազմին»։
Իսկ այն, որ Բրյուսելի՝ օգոստոսի 31-ի, Պրահայի՝ հոկտեմբերի 6-ի ու Սոչիի՝ հոկտեմբերի 31-ի հանդիպումներին հաջորդած համատեղ հայտարարություններում նշվում է, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները պետք է կարգավորվեն՝ հիմնվելով պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա, հեղինակը համարում է Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակը։
«Պատերազմից հետո ի հայտ եկած հնարավորությունների շնորհիվ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները կարողացան հաղթահարել հոգեբանական շեմը, որ երկար տարիներ չէին կարողանում անցնել, եւ տարածաշրջանային ու համաշխարհային համատեքստում կարեւորություն ձեռք բերեցին»:
Հեղինակի պնդմամբ՝ Ադրբեջանի հաղթանակը 44-օրյա պատերազմում երկու թուրքական պետությունների համագործակցության հստակ արդյունքն է, ինչն արագացրեց նաեւ Միջին Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործընթացը թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ։ Ըստ նրա՝ Ադրբեջանը հաստատակամորեն նպատակադրված է Թուրքիայի հետ համագործակցությունը խորացնելու հատկապես երկու ուղղությամբ՝ Թուրքիայի բանակի մոդելով արդիականացնել իր երկրի բանակն ու զենքի ձեռքբերման հարցում Թուրքիային տալ առաջնայնություն։
«Եվ կապելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Թուրքիան անուղղակիորեն դարձավ նաեւ Ադրբեջան-Հայաստան դիվանագիտական բանակցությունների մասնակիցը։ Իսկ Հայաստանը, որն ուզում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել փակ սահմանը, նախ ստիպված է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր»,- նշում է Վելիեւը։
«Պատերազմից հետո Ռուսաստանը տարածաշրջանում իր ազդեցությունը ստիպված եղավ կիսել Թուրքիայի հետ»:
Հեղինակը կարծում է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը ցանկանում է ձգձգել Ղարաբաղի հակամարտությունը։ Որպես փաստարկ է բերում Պուտինի՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում խաղաղապահ զորքերի տեղակայումը երկարաձգելու մասին խոսքերը․ «Մինչդեռ Ալիեւն այս հանդիպման ժամանակ հստակ ասաց, որ Ղարաբաղի հարցը պատմություն է դարձել, իսկ խաղաղապահ զորքերի առաքելությունը 2025-ին պիտի ավարտվի»։
Վելիեւն իր հոդվածում անդրադարձել է նաեւ Իրանի՝ այս հարցում Ադրբեջանի նկատմամբ «ագրեսիվ» վերաբերմունքին՝ ակնարկելով, որ սա չի կարող իր ազդեցությունը չունենալ Ադրբեջան-Իրան հարաբերությունների վրա։
«Իսկ Ղարաբաղում ապրող Ադրբեջանի քաղաքացի հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխավորը Ադրբեջանի Սահմանադրությամբ բոլոր փոքրամասնություններին տրվող իրավունքներն են։ Ադրբեջանը Ղարաբաղում ապրող հայերին որեւէ հատուկ կարգավիճակ չի պատրաստվում տալու եւ սա համարում է իր երկրի ներքին խնդիրը»:
Ամփոփելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ Ադրբեջան-Հայաստան ընթացող բանակցությունների հիմնական նպատակն են հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը․ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմին ու թշնամանքին վերջ դնող խաղաղության պայմանագիրը նոր հորիզոններ կբացի տարածաշրջանում։ Այն, բացի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումից, կբերի Ադրբեջան-Հայաստան, ինչպես նաեւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորում»։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը