Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ամփոփելով Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքը, հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի այցը Իրան, անկասկած, շրջադարձային պահ կլինի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար։ Ռաիսին նշել է, որ Թեհրանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կովկասյան տարածաշրջանին, որն Իրանի պատմության եւ քաղաքակրթության մաս է։
«Տարածաշրջանային հարցերի լուծումը պետք է լինի այդ տարածաշրջանի իշխանությունների ձեռքում։ Չեմ կասկածում, որ Հայաստանի վարչապետի այցը Իրան շրջադարձային կլինի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար»,– ասել է Ռայիսին։
Իրանի նախագահը կարեւորել է նաեւ Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական եւ անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացումը` նշելով, որ իրանական կառավարությունը շեշտը դնում է բարիդրացիության վրա։
Իրանի իշխանությունները պետք է տեղյակ լինեն
ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ ընդունում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ Իրանի սկզբունքային տեսակետները։ Ըստ նրա` Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետեւորդների միջեւ խաղաղ համագործակցության եւ համակեցության հստակ խորհրդանիշ:
«Ես Ռաիսիին տեղեկություն եմ տրամադրել Սոչիում երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին եւ համաձայն եմ տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման վերաբերյալ Իրանի նախագահի կարծիքի հետ»,–հավելել է Փաշինյանը։
Երկու պետությունների ղեկավարների բանակցություններից հետո Թեհրանում տեղի կունենան պատվիրակությունների բանակցությունները։