ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ սահմանային անցակետերը եւ հսկողության ռեժիմները սահմանված են արդեն, եւ ադրբեջանցիների մուտքը Հայաստանի Հանրապետություն ապահովելու համար Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները կատարվել են։
Բադասյանը նշել է, որ ՀՀ տարածքով ադրբեջանցիների անարգել անցնելու մեջ որեւէ վտանգ չի տեսնում։
«Հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը միանշանակ կառավարության համար ընդունելի օրակարգ է, եւ դրանից բխող քայլեր ենք ձեռնարկել։ Հայաստանը կողմ է ապաշրջափակման օրակարգին»,– նշել է Բադասյանը։
Ըստ նրա` գործընթացը գրեթե ավարտված է։ Կան որոշակի թերություններ, որոնք կշտկվեն։ ՊԵԿ նախագահը հավելել է, որ եթե մյուս կողմն էլ պատրաստակամ կլինի օգտվելու նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա ՀՀ-ն պատրաստ է։
Անցակետերի տեղադրման պատրաստակամության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտարարել էր Կառավարության օգոստոսի 4-ի նիստում` հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է` Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների կապը Նախիջեւանի հետ։
Նա նաեւ հայտնել էր, որ այդ հատվածներում վաղուց մաքսակետեր են տեղադրված, բայց Ադրբեջանը երբեւէ չի փորձել դրանցից օգտվել։