Սպիտակ տունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-23-ի գագաթնաժողովին հրավիրված աշխարհի քառասուն առաջնորդների թվում են:
Բայդենի վարչակազմը հայտնել է, որ ցանկանում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համագործակցել կլիմայի փոփոխության հարցում, չնայած այլ հարցերի շուրջ եղած խոր տարաձայնություններին եւ տերությունների միջեւ աճող լարվածությանը։ Բայդենի վարչակազմը բազմիցս առանձնացրել է Պեկինն ու Մոսկվան որպես ԱՄՆ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներ։
Կլիմայի թեմայով «Երկիր մոլորակի օրը» գլոբալ գագաթնաժողովը կլիմայի փոփոխությունը որպես գերխնդիր բարձրացնելու Բայդենի ծրագրի մասն է: Բայդենը կոչ է անում աշխարհի առաջնորդներին գագաթնաժողովն օգտագործել որպես առիթ ՝ նախանշելու, թե ինչպես են իրենց երկրները նպաստելու արտանետումների կրճատմանը։
Ապրիլյան գագաթնաժողովին կմիանա համաշխարհային արտանետումների եւ համաշխարհային ՀՆԱ-ի 80 տոկոսի համար պատասխանատու տասնյոթ երկիր:
Քառասուն հրավիրյալների ցանկում են Կանադան, Մեքսիկան, դաշնակից պետություններ Եվրոպայից եւ Ասիայից, ինչպես նաեւ Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Նիգերիան եւ Հարավային Աֆրիկան: Գագաթնաժողովը կանցկացվի համաճարակային սահմանափակումներով եւ հանրային դիտման համար ուղիղ հեռարձակմամբ: