Իրանի ավտոմոբիլային ճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են զարգացնելու Իրանի եւ Հայաստանի միջեւ փոխադրումները եւ Արեւելյան Ադրբեջանի Նորդուզ գյուղով Հայաստանի եւ Պարսից ծոցի միջեւ նոր տարանցիկ միջանցք ստեղծելու:
Որոշում է ընդունվել, որ իրանական ընկերությունները պետք է համագործակցեն Հայաստանի հետ թունելների, ճանապարհների եւ շենքերի կառուցման գործում: Ելնելով երկու երկրների միջեւ կնքված համաձայնագրից՝ նախարարները որոշել են ավարտել եւ զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքը Նորդուզի սահմանից մինչեւ Վարզեqան եւ Թավրիզ:
Ըստ Ղասեմիի՝ նկատի ունենալով «ազգային բնակարանային շարժում» անվանումով բնակարանաշինության Իրանի փորձը, իրանական շինարարական ընկերությունները կսկսեն իրենց գործունեությունը Հայաստանում:
«Իրանի հյուսիսում ավելի քան 200 միլիոն տոննա բեռ է փոխադրվում, ինչը կարելի է լավ հնարավորություն համարել երկու երկրների միջեւ փոխանակումների զարգացման համար»,- նշել է իրանցի նախարարը:
Ընդգծելով այն փաստը, որ Իրանն աշխարհում ցեմենտի չորրորդ խոշորագույն արտադրողն է, ինչպես նաեւ առաջատարներից է պողպատի արտադրության ոլորտում, Ղասեմին ասել է, որ իրանական ցեմենտի, պողպատի եւ շինանյութերի արտադրողները կներկայացվեն Հայաստանում։