Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչեւիչը հայտնել է, որ Կոսովոյում եւ Մետոխիայում ստեղծված իրավիճակի պատճառով երկրի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության են բերվել։
«Հանրապետության նախագահը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, Սերբիայի բանակին հրաման է տվել բարձրացնելու մարտական պատրաստության մակարդակը՝ պատրաստ լինելու պատասխանել ցանկացած խնդրի»,- տեղեկացրել է նախարարը: Վուչեւիչը հավելել է, որ ոչ ոք չի ցանկանում պատերազմել, բայց բանակը պետք է պատրաստ լինի կատարելու ցանկացած խնդիր:
Սերբիայի պաշտպանության նախարարը պարզաբանել է, որ Կոսովոյում ու Մետոխիայում իրավիճակը լարված է, քանի որ կոսովոցիները սկսել են կիրառել սերբական ավտոմոբիլային համարներն արգելելու որոշումը: