Իրանի կառավարությունը ներքին գործերի նախարարությանն արտոնել է մեկ ամսվա ընթացքում ցանկացող օտարերկրյա քաղաքացիներին տրամադրել Իրանում 5 տարվա ժամանակավոր կացության իրավունք՝ պայմանով, որ նրանք առնվազն 100 հազար դոլարի ներդրում կկատարեն իրանական տնտեսության մեջ։
Ներդրումը պետք է հաստատի Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունը։ Նման որոշմամբ՝ Իրանի Կառավարությունը փորձում է խթանել այլ երկրներից դեպի Իրան կապիտալի հոսքը։
Իրանի կառավարությունը որոշումն ընդունել է կիրակի՝ փոփոխություններ կատարելով «Այլ երկրներից դեպի Իրան կապիտալի հոսքի խթանման» մասին օրենքի նախագծում։
Նշենք, որ Իրանը հաճախ է օտարերկրյա կապիտալի հոսք ապահովելու համար խթանիչ գործողություններ իրականացնում։ Այսպես՝ 2020 թվականին Իրանի Կենտրոնական բանկը թույլատրել էր օտարերկրացի ներդրողների համար, որոնք ցանկություն են հայտնել ժամանակավոր կացության իրավունք ստանալ Իրանում, բացել բանկային հաշիվներ։
Դեռեւս 2018-ին Իրանի Տնտեսական կոորդինացիայի բարձրագույն խորհուրդը թույլատրել էր օտարերկրացի քաղաքացիներին Իրանում 5 տարով ժամանակավոր կացության իրավունք ստանալ իրանական տնտեսության մեջ 250 հազար եվրոյի ներդրումներ կատարելու դիմաց: Դրանից առաջ էլ օտարերկրացիները պետք է 300 հազար եվրոյի ներդրում կատարեին 3 տարվա կացության իրավունքի տրամադրման դիմաց։
Պատրաստեց Արման Գրիգորյանը