ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ Հայաստանում աշխատավարձերը բարձրանում են, թափուր աշխատատեղերը չեն լրացվում, գործազրկությունը չի նվազում։ Ըստ նրա՝ արդեն զավեշտալի պատմություններ են լսում, որ հայկական ընկերությունները սկսում են իրենց կարիքները հոգալու համար վարձու աշխատողներ բերել արտերկրից։
«Աշխատավարձերի բավական բարձր մակարդակ կա շինարարության ոլորտում, առեւտրի, ծառայությունների ոլորտում, որն, ըստ էության, դրդում է հայկական ընկերություններին այդ պակասը կամ բացը լրացնել այլ երկրների աշխատուժի հաշվին»,– հավելել է Գալստյանը։
ԿԲ–ում հետեւում են ֆենոմենալ զարգացումներին, իսկ մինչ այդ արձանագրում` գերտաքացած իրավիճակը ՀՀ աշխատաշուկայում այս պահին դեռ պահպանվում է։
Պաշտոնական տվյալներով` միայն այս տարվա սեպտեմբերին Հայաստանում 10 հազար 37 նոր աշխատատեղ է գրանցվել։ ՀՀ միջին աշխատավարձն էլ 2022-ի սեպտեմբերի դրությամբ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել է 35 հազար 769 դրամով։
Հայաստանյան շատ փորձագետներ աշխատուժի եւ աշխատավարձերի նման աճը բացատրում են ռուսաստանցի ռելոկանտների ներհոսքով։ Հայտնի է, որ ռուս–ուկրաինական ճգնաժամի եւ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքով ՌԴ շատ քաղաքացիներ իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստան, շատերն էլ գրանցվել են ՀՀ աշխատաշուկայում ու բանկային համակարգում։