Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հոդված է գրել բրիտանական հեղինակավոր Telegraph պարբերականում:
Դեսպանն անդրադարձել է սեպտեմբերի 22-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատում Շոտլանդական ազգային կուսակցության անդամ Քրիս Լոյի ելույթին, երբ վերջինս ներկայացրել է մի սարսափելի պատմություն գլխատված տարեց տղամարդու եւ կին զինվորի մասին, որի աչքերը հանվել էին ու փոխարենը քարեր տեղադրվել:
Քրիս Լոյի նկարագրած զոհերը ադրբեջանցիների ձեռքով սպանված հայերն էին՝ հարյուրավոր զոհերի պատճառ դարձած չհրահրված ռազմական ագրեսիայի ժամանակ:
Ինչպիսի՞ խաղաղության է ձգտում Ադրբեջանը
Դեսպանը նշել է, որ Հայաստանի տարածքում հրետակոծվել են նաեւ կարեւոր նշանակության ենթակառուցվածքներ, դպրոցներ ու հիվանդանոցներ, ի հայտ են եկել վայրագությունների ավելի շատ ապացույցներ, որոնց թվում՝ հայ զինվորների արտադատական սպանության տեսանյութը:
Այս գործողությունները կրկնությունն են Սիրիայում Իսլամական պետության գործողությունների, որոնց միջազգային արագ եւ աներկբա դատապարտման ալիքը հանգեցրեց պատերազմական հանցագործությունների հետաքննության կոչերին:
Եվ, այնուամենայնիվ, Ադրբեջանը խաղաղության մասին է խոսում, բայց ինչպիսի՞ խաղաղության են նրանք ձգտում: Այս վերջին ագրեսիան արդեն վկայում է օրինաչափության մասին:
2021-ին Ադրբեջանը զավթեց Հայաստանի ինքնիշխան տարածքի 42 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ 2022-ի հարձակումից ի վեր այդ ցուցանիշը գրեթե եռապատկվել է: Ադրբեջանի ավտորիտար ղեկավարը գովերգեց նոր հողերի զավթումը եւ վերահաստատեց իր զավթողական ընկալումը Հայաստանի նկատմամբ՝ կրկնելով, որ ոչ ոք եւ ոչինչ չի կարող կանգնեցնել նրան իր հավակնություններին հասնելու հարցում:
Պատերազմը դադարեցնելուց երկու տարի անց Ադրբեջանը դեռեւս պատանդառության մեջ է պահում տասնյակ հայ ռազմագերիների: Ադրբեջանի Կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել 2020-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած հայկական կրոնական սրբավայրերի հայերեն արձանագրությունները:
Առանց սահմանների փոխադարձ ճանաչման դա կլինի «ուրվական-համաձայնագիր»
Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգությունը շահավետ շեղում էր Ադրբեջանի համար: Այնուհանդերձ, սա նաեւ դաս է, որին բոլորս պետք է ուշադրություն դարձնենք: Անհրաժեշտ է զգոն լինել հետագա ռազմական սրացման հանդեպ եւ ընդունել, որ արդեն իսկ սահմանվել է համապարփակ խաղաղության հասնելու հստակ ուղի: 2020-ին՝ պատերազմի ավարտից ի վեր, Հայաստանի Կառավարությունը որդեգրել է «խաղաղության օրգակարգը»՝ հանձնառու լինելով Հարավային Կովկասում բացել խաղաղ զարգացման դարաշրջան:
Անցած ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ նշեց, որ յուրաքանչյուր պետության միջազգայնորեն ճանաչված սահմանների փոխադարձ ճանաչումը «կնշանակի, որ կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել», բայց նաեւ զգուշացրեց, որ առանց այդ ճանաչման դա կլինի «ուրվական-համաձայնագիր», որով Ադրբեջանը կարող է չարաշահել սահմանազատման գործընթացը՝ նոր տարածքային հավակնությունների եւ բռնազավթման համար: Ավելին` վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանի հաղորդակցական ուղին կբացվի Ադրբեջանի համար, որպեսզի վերջինս կապ հաստատի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, սակայն այն չի դառնա արտատարածքային միջանցք՝ «որպես պատրվակ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ լուծել ուժով: Գոյություն ունեցող միջազգային մեխանիզմների ներքո Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցությունների մեջ մտնի ԼՂ իշխանությունների հետ, որպեսզի լուծի վերջնական կարգավիճակին, անվտանգությանը, մարդու իրավունքներին առնչվող խնդիրները:
Կա նաեւ որոշ զգուշավոր լավատեսություն։ Հոկտեմբերի սկզբին Եվրամիության եւ Ֆրանսիայի միջնորդությամբ վարչապետ Փաշինյանը Պրահայում հանդիպել է նախագահ Ալիեւի հետ, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ, մի քայլ, որի մասին մեր Կառավարությունը բազմիցս կոչ է արել:
Ուկրաինայի պատերազմը բավարար չի լինի Ադրբեջանի հետագա ագրեսիան քողարկելու համար
Վարուժան Ներսեսյանն ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է այս վճռական պահին մեր տարածաշրջանի նկատմամբ դրսեւորված ուշադրությունը։ Մենք փոքր, բայց կենսունակ ժողովրդավարություն ունեցող երկիր ենք եւ ոչ մի սպառնալիք չենք մեր հարեւաններից որեւէ մեկի համար։ Ունենք անկախ մամուլ: Մեր Կառավարությունը չորս տարվա ընթացքում երկու ազատ ընտրությունների միջով է անցել։ Ըստ Freedom House-ի՝ անկախ լրատվամիջոցները «ապահովում են բազմաշերտ տեղեկություններ, որոնք մարտահրավեր են նետում պետական հեռարձակողների տեսակետներին»: ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները գործում են ազատորեն: Ի հակադրություն Ադրբեջանի, որտեղ, ըստ Human Rights Watch-ի, քննադատական լրագրության եւ ընդդիմադիր քաղաքական գործունեության տարածքը «գործնականում մարել է»:
Անցած ամիս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երեւան այցելության ժամանակ ասել է. «Ամերիկան հանձնառու է Հայաստանի անվտանգությանը, ժողովրդավարությանը եւ կանգնած է Հայաստանի կողքին այս դժվարին ժամանակներում»: Խոսնակը նաեւ նշել է նախագահ Բայդենի՝ ՀՀ-ին ուղղված հրավերի մասին՝ մասնակցելու իր առաջին Ժողովրդավարության գագաթնաժողովին: Նա նաեւ նշել է, որ «ժողովրդավարությունը պատահական չի լինում, եւ մենք պետք է պաշտպանենք այն»:
Միայն կառուցողական ներգրավումն ու փոխադարձ զիջումները կհանգեցնեն խաղաղության հաստատմանը
Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, այն է՝ ճանապարհ հարթել հարեւան երկրների միջեւ իրական եւ երկարատեւ խաղաղության համար: Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի կարող առեւտրի առարկա լինել, եւ Ադրբեջանի ուժերը պետք է հեռանան 2021-ի մայիսի 12-ից ի վեր զբաղեցրած տարածքներից: Ուկրաինայի պատերազմը եւ էներգետիկ ճգնաժամը բավարար չեն լինի Ադրբեջանի հետագա ագրեսիան քողարկելու համար: Միայն կառուցողական ներգրավումը, քաղաքական կամքն ու փոխադարձ զիջումները կհանգեցնեն երկու երկրների միջեւ խաղաղության հաստատմանը: