Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)` Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի էներգակիրներ արտահանողները 2022-2026 թվականներին նավթի արտահանումից կստանան ընդհանուր առմամբ 1 տրիլիոն դոլարի չնախատեսված եկամուտ։
Սա էականորեն ավելի մեծ ցուցանիշ է, քան կանխատեսել էր ԱՄՀ-ն դեռեւս մեկ տարի առաջ։ Այս իրավիճակը վկայում է, որ համաշխարհային շուկայում նավթի գները զգալի բարձր են, չնայած նրան, որ տնտեսական ռեցեսիոն պրոցեսները հատկապես ընթացիկ տարվա երկրորդ կեսին նավթի գների վրա բացասական ազդեցություն են ունենում։
Ըստ ԱՄՀ-ի՝ Սաուդյան Արաբիան եւ «Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի» մյուս հինգ անդամները ավելի շատ են շահելու եւ կարողանալու են տնտեսել նավթից ստացված իրենց եկամուտների 1/3-րդը։
Մասնագետները նշում են, որ այս ամենն արդյունք է Ուկրաինայում Ռուսաստանի հրահրած պատերազմի, եւ գնաճը վերաբերում է ոչ միայն նավթին, այլեւ հումքային նշանակության բազմաթիվ այլ ապրանքների, ինչն իր հերթին հանգեցրել է տնտեսական ճգնաժամի եւ «բարեկեցության ճգնաժամի»։
Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ընթացիկ տարում նավթի գինը 1 բարելի դիմաց հիմնականում պահպանվեց 100 դոլարի շրջանակում։ Սա մասնագետները անվանում են «նավթային բում»։
«Նավթային բումից» ավելի շատ շահեցին Մերձավոր Արեւելքի՝ նավթ արտադրող խոշոր ընկերությունները։ Այստեղ տեւական դադարից հետո առաջին անգամ պետությունների բյուջեները հավելուրդ ունեցան, ինչի շնորհիվ կարողացան լիարժեքորեն ֆինանսավորել իրենց նախատեսած ծախսերը եւ նույնիսկ վաղաժամ մարել պարտքերը։
ԱՄՀ-ում կարծում են, որ Պարսից ծոցի երկրների համար ընթացիկ տարվա կտրվածքով «նավթային բումի» ապահոված եկամուտները կկազմեն հանրագումարային ՀՆԱ-ի 10 տոկոսը, իսկ 2023 թվականի համար՝ 7,8 տոկոսը։
Տնտեսագետները նաեւ նշում են, որ այս ամենի շնորհիվ տնտեսական աճը Պարսից ծոցում ամենայն հավանականությամբ կկրկնապատկվի 2021 թվականի համեմատությամբ՝ այս տարի հասնելով 6,5 տոկոսի։ Սա ԱՄՀ-ի՝ 2022 թվականի ապրիլին արված կանխատեսմանը քիչ է գերազանցում։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԱՄՀ-ն Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի համար կանխատեսել էր ՀՆԱ 5 տոկոսանոց աճ։
Եթե նավթի գները նվազեն, ապա, ըստ ԱՄՀ-ի կանխատեսման, հաջորդ տարի ինչպես Պարսից ծոցի երկրների, այնպես էլ ողջ Մերձավոր Արեւելքի համար ՀՆԱ-ի աճը կկազմի 3,6 տոկոս։
«Բարձր սղաճի, մեկնարկային տոկոսադրույքների աճի, գլոբալ էներգետիկ ճգնաժամի եւ վարկային շուկաներում «խաղի կանոնների» կտրուկ խստացման պայմաններում էներգակիրներով հարուստ Պարսից ծոցը, որպես կապիտալի աղբյուր, դառնում է ավելի կարեւոր տարածաշրջան, քան եղել է երբեւէ»,- նշում են ԱՄՀ մասնագետները։
Պատրաստեց Արման Գրիգորյանը