Տարեսկզբին որդեգրված «Խաղաղության դիվանագիտության» ֆոնին Թուրքիան ծրագրել էր հարաբերությունները կարգավորել Հունաստանի հետ։ Այս համատեքստում մարտին Հունաստանի վարչապետ Միցոտակիսն անգամ այցելեց Անկարա։ Թվում էր, թե վերջնական կարգավորումն իսկապես մոտ է։
Սակայն կարճ ժամանակ անց բարիդրացիական սլաքներւը սկսեցին հակառակ ուղղությամբ շարժվել։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ամռանը պաշտոնական Թուրքիան հայտարարեց, թե իրենց հետախուզական անօդաչուները ռազմական կուտակումներ են նկատում Էգեյան ծովի այն կղզիներում, որոնք դեմիլիտարիզացված են հայտարարվել։ Իսկ պաշտոնական Հունաստանն այս պնդումները որակում էր որպես սադրանք ու հերքում։ Շուտով երկրների ղեկավարները սկսեցին միջազգային տարբեր ամբիոններից միմյանց մեղադրանքներ հղել, ու բացասական վերաբերմունքն անմիջապես արտացոլվեց լրատվական հարթակներում։
Թե որը կլինի Հունաստան-Թուրքիա մեդիապայքարի գագաթնակետը, դեռ պարզ չէ։ Լարվածությունը շարունակում է աճել նույն տեմպերով։ Վերջին շրջանում երկու երկրների պաշտոնական լրատվամիջոցները ողողված են մեկը մյուսին ուղղված մեղադրանքներով եւ «ապացույցներով», թե իրար դեմ ինչ-որ հարձակումներ են ծրագրում եւ կամ տարածքային նկրտումներ ունեն։ Ստորեւ առանձնացրել ենք թուրքական իշխանամետ մեդիադաշտում վերջին տասն օրվա ընթացքում շրջանառվող մի քանի գլխագրեր․
- «Խոստովանություն Հունաստանի կողմից․ Թուրքիային չենք կարող հասնել» Sabah
- «Թուրքիայի արտադրած նոր զինատեսակները մեզ վախեցնում են․ ծանր խոստովանություն Հունաստանի կողմից» Hürriyet
- «Հունական մեդիան գրում է Աթենքի կեղտոտ խաղի սցենարը․ F-16, ԵՄ անդամակցություն, ՆԱՏՕ դաշնակից․․․ բոլոր միջոցները փորձում են» Sabah
- «Հունաստանը կրակի հետ է խաղում․ գերմանական տանկերը մոտեցրել է Թուրքիայի սահմանին» Milliyet
- «Հունաստանի կողմից մահվան մատնված փախստականները փրկվել են»
- «Հունաստանը շարունակում է Թուրքիայի մասին սուտը տարածել»
Ուշագրավ է նաեւ, որ Հունաստանի վերաբերյալ հրապարակվող նյութերը կտրուկ շատացել են։ Բոլոր լրատվամիջոցներում օրվա թարմ լուրերի ցանկում Հունաստանի վերաբերյալ բացասական հռետորաբանությամբ առնվազն մեկ նյութ կա։
Հոկտեմբերի 2-ին այս առիթով եղավ Թուրքիայի քաղաքական էլիտայի՝ ի դեմս արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի, ամենակոշտ հայտարարություններից մեկը։ Արձագանքելով պնդումներին, թե Հունաստանը նախապատրաստում է հարձակում Թուրքիայի վրա, Չավուշօղլուն նախաձեռնությունն անվանեց ոչ խելամիտ քայլ․ «Պատրաստվել հարձակման մեզ վրա կնշանակի, որ Հունաստանն ուղեղը հացի հետ է կերել։ Դիմում ենք Հունաստանին․ մի՛ նայեք, թե ով է կանգնած ձեր թիկունքին։ Նայեք, թե ում եք դեմ առնում»։
Օրեր շարունակ թուրքական եւ հունական լրատվամիջոցները խոսում են նաեւ Էգեյան ծովում ինչ-որ կերպ հայտնված փախստականների մասին՝ մեկը մյուսին մեղադրելով այս փախստականների նկատմամբ վատ վերաբերմունքի ու նրանց կյանքը վտանգելու համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այս հարցին եւս անդրադարձել է ու նշել, որ Աթենքի «սադրիչ քաղաքականությունը» կամաց-կամաց ձախողվում է․ «Հունաստանը փորձում էր կեղծ լուսանկարներով ու կեղծ տեղեկություններով Թուրքիայի վրա ցեխ շպրտել, իսկ մենք դրան արձագանքում ենք հստակ փաստաթղթերով»։
Չավուշօղլուն նաեւ հայտարարել է, որ Հունաստանը խախտում է փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները ու չի կիրառում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները։