Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ ՀՀ առողջապահական համակարգում 2022-ի 10 ամիսների ընթացքում ՊՎԾ վերահսկողության ընթացքում պետբյուջե է վերադարձվել շուրջ 135 միլիոն դրամ։ 13 միլիոն դրամ էլ վերադարձվել է քաղաքացիներին` ապօրինի պահանջած վճարումների դիմաց։
«Դրանք այն քաղաքացիներն են, որոնց բուժծառայությունը պետք է տրամադրվեր բացառապես պետպատվերի շրջանակում, սակայն որոշ բուժկենտրոններ գումարներ էին գանձել»,– նշել է Պետրոսյանը։
Պետական վերահսկողական ծառայության պետը չի բացառել, որ նշված գումարը դեռ կաճի, քանի որ տարվա ընթացքում վերահսկողություն է անցկացվել ՀՀ 10 խոշոր բուժկենտրոններից միայն 5-ում, որոնցից առայժմ ամփոփվել են 2-ի արդյունքները։
«Քաղաքացիներին վերադարձի ենթակա գումարն իրականում մի քանի տասնյակ միլիոնների է հասնում։ Պարզապես որոշ ԲԿ–ների մասով ուսումնասիրությունները դեռեւս ամփոփված չեն»,– շեշտել է Պետրոսյանը։
Մնացած ուսումնասիրությունների արդյունքները, ըստ ՊՎԾ պետի, կամփոփվեն մինչեւ 2023-ի փետրվարի վերջը։