Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հորդորել է աշխարհի տերություններին եւ ընկերություններին անհապաղ կորոնավիրուսի պատվաստանյութերի 10 միլիոն դեղաչափ բաշխել ՄԱԿ-ի կողմից աջակցվող COVAX ծրագրին ՝ առավել աղքատ երկրներին պատվաստանյութ հասցնելու համար:
«Տարեսկզբին ես կոչ արեցի, որ երկրները միասին աշխատեն` ապահովելու, որ բոլոր երկրները սկսեն պատվաստումները տարվա առաջին 100 օրվա ընթացքում»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրայեսը:
Գերբայեսն անհանգստություն է հայտնել, որ ընդամենը տասնհինգ օր է մնացել, եւ դեռեւս ոչ մի դեղաչափ չընդունած երեսունվեց երկրները, հնարավոր է, չհասցնեն իմունիզացնել գոնե իրենց բնակչության առավել ռիսկային խմբերը։ Նախատեսվում է, որ այս երկրներից տասնվեցը պատվաստանյութեր կստանան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, բայց մնացած քսանին պատվաստանյութեր դեռ չեն հատկացվել:
«COVAX- ին (COVID-19 պատվաստանյութերի գլոբալ հասանելիության հաստատությանը) անհապաղ անհրաժեշտ է տասը միլիոն դեղաչափ, որպեսզի այս քսան երկրներն առաջիկա երկու շաբաթում սկսեն պատվաստել իրենց առողջապահական համակարգի աշխատողներին եւ տարեց մարդկանց: COVAX- ը պատրաստ է առաքման, բայց մենք չենք կարող պատվաստանյութեր հասցնել, քանի որ չունենք։ Տասը միլիոն դեղաչափը շատ չէ, եւ այդքանը բավական էլ չէ, բայց սկիզբ է»,- նշել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։