Բաց հասարակության բուլղարական ինստիտուտը՝ Open Society Institute–Sofia-ն, մեդիագրագիտության մասին զեկույցում Վրաստանը ավելի քան 40 եվրոպական երկրների շարքում գրավել է 41-րդ տեղը։
Առաջին հնգյակում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Էստոնիան, Իռլանդիան։ Վրաստանը Ալբանիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Կոսովոյի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ցուցակի վերջում է։ Առավելագույն 100 միավորից Վրաստանը հավաքել է ընդամենը 20 միավոր։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Արեւմտյան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրներն ավելի լավ են պաշտպանված ապատեղեկատվությունից, քան Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրները։ Թուրքիան, օրինակ, գրավել է 36-րդ տեղը եւ 11 միավորով ավելի է Վրաստանից:
Նշենք, որ Վրաստանն առաջին անգամ է մասնակցում այս վարկանիշային հետազոտությանը։ Ռուսաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում ուսումնասիրություններ չեն իրականացվել, իսկ Ուկրաինան 39 միավորով 29-րդ տեղում է:
Հետազոտության հեղինակները մեդիագրագիտությունը հսկայական տեղեկատվական հոսքերի տիրույթում հանրության կողմնորոշվելու, զտելու եւ նոր գիտելիքներով փոխանակվելու գործիքներ ստեղծելու կարողություն են համարում։
Վարկանիշային ուսումնասիրությունը կատարելիս հիմք են ընդունվել հեղինակավոր Freedom House-ի, Reporters sans frontières-ի եւ այլ կառույցների համանման ուսումնասիրությունները։
Պատրաստեց Արման Գրիգորյանը