Ըստ Eurasianet-ի՝ չինական ավտոարտադրող ընկերություններն աստիճանաբար գրավում են Կենտրոնական Ասիայի ավտոշուկան, մինչդեռ ռուսական ընկերությունները հակառուսական պատժամիջոցների ազդեցությամբ նահանջում են այնտեղից։
Ուզբեկստանում հոկտեմբերի 27-ին վաճառքի էր հանվել արտաճանապարհային Chery ավտոմեքենաների չորս մոդել, որոնք հավաքվել էին ուզբեկական ADM Jizzakh գործարանում։ Chery ընկերությունը նաեւ ձեռնտու պայմաններով վարկեր է տրամադրում՝ գնորդներին օգնելով գնելու իր արտադրած ավտոմեքենաները, որոնց արժեքը կարող է լինել 26-40 հազար դոլար։ Մեքենաները կարելի է նաեւ լիզինգով ձեռք բերել։
Ավտոմեքենաները ավելի թանկ արժեն, քան տեղական UzAuto Motors պետական կապիտալով գործող ընկերության արտադրած ավտոմեքենաները։ Ընկերության գործարանից դուրս եկած Chevrolet Nexia-ն արժի 11 հազար դոլար։
Մինչեւ 2024 թվականը Chery-ն միայն Ուզբեկստանում մտադիր է բացել 23 ավտոսրահ։ Առաջինն արդեն գործում է մայրաքաղաք Տաշքենդում։ Այս տարի կբացվեն նաեւ Անդիժանի, Ֆերգանայի, Նամանգանի եւ Սամարղանդի ավտոսրահները։
Չինական BYD Auto ընկերությունն էլ պայմանագիր է կնքել UzAuto Motors-ի հետ եւ մտադիր է ավտոհավաքման գործարան բացել Ուզբեկստանում։
Մասնագետները նշում են, որ չինական ընկերությունները Կենտրոնական Ասիայի շուկաները համարում են դեռ չյուրացված եւ ակտիվորեն լրացնում են այդ բացը։ Չինական ընկերությունների համար բացառիկ նպաստավոր պայմաններ են ստեղծվել, քանի որ հակառուսական պատժամիջոցները լրջորեն հարվածում են ռուսական ավտոարդյունաբերությանը, որը սկսել է դժվարությամբ ներկայություն ապահովել Կենտրոնական Ասիայի շուկաներում։
Ղազախստանում նախկինում բավական հայտնի էին եվրոպական եւ ճապոնական ավտոապրանքանիշները, որոնց մոդելները հիմնականում հավաքվում էին այդ ընկերությունների՝ Ռուսաստանում գործող գործարաններում։ Սակայն հիմա դրանք փակ են, իսկ ռուսական իշխանություններն արգելել են որոշ կոմպլեկտավորման բաղադրիչների արտահանումը։ Այսպիսով՝ ղազախական ավտոշուկայում եւս տիրապետող են դառնում չինական ընկերությունները։ Ի դեպ, Չինաստանից Ղազախստան ավտոմեքենաների առաքումը տեւում է 18 օր։
Պատրաստեց Արման Գրիգորյանը