Ըստ ամերիկյան CNN գործակալության՝ ԱՄՆ զինված ուժերը շտապել են Սուեզի ջրանցք՝ խցանված Ever Given բեռնարկղանավին օգնություն տրամադրելու նպատակով: Մասնագետները դեպքի վայր են մեկնել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան նավատորմի բազայից: Ավելի վաղ Ever Given-ն ութ քարշակով փորձել էին տեղից շարժել, սակայն ապարդյուն:
Ինչպես հայտնել էինք, արդեն քանի օր է՝ Չինաստանից Նիդերլանդներ ուղևորվող Ever Given-ի՝ ծանծաղուտում խրվելու պատճառով 380 հազար բեռնարկղ փոխադրող 34 բեռնարկղանավ է հայտնվել տարածաշրջանում, որոնցից 21-ը կանգնած է Ever Given-ից 100 կիլոմետր շառավղով, առաջիկա օրերին սպասում են մնացածների ժամանմանը: Տարածաշրջանում կուտակվել են մոտ հարյուր տարբեր տիպի նավեր: Վթարի հետեւանքով նավթի փոխադրումներով զբաղվող լցանավերի ծառայությունների գինը միջազգային շուկայում կրկնապատկվել է։