Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարել է հերթական «բացառիկ» իրադարձության մասին։ Այս անգամ բացառիկը վերաբերում է արտաքին քաղաքականության ոլորտին։
ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս նա հայտարարել է. «Չեմ ճշտել՝ այսպիսի վիճակագրություն նախկինում երբեւէ արձանագրվել է, թե չէ, բայց համենայն դեպս սա սովորական վիճակագրություն չէ, եւ արժանի է արձանագրելու՝ 2022 թվականը բացառիկ է նրանով, որ ՀՀ ղեկավարն ուղիղ շփումներ է ունեցել առանց բացառության բոլոր հարեւան երկրների ղեկավարների հետ. հեռախոսազրույցներ են եղել, հանդիպումներ են եղել»։
Համաձայնեք, որ վարչապետը մի փոքր համեստ է գտնվել եւ աննախադեպ իրադարձությունն ընդամենը «բացառիկ» է որակել։ Մինչդեռ տեղի է ունեցել շատ աննախադեպ իրադարձություն, որ պետք է իր արժանի տեղը զբաղեցնի Նոր Հայաստանի մասին «100 փաստերի» շարքում։ Բայց այս ամենը մի վերապահումով. սա բացառիկ իրադարձություն կարելի է համարել, եթե Հայաստանի Հանրապետության պատմության սկիզբը հաշվենք 2018-ի «թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո (այդ օրը ապրիլի 23-ն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, թե մայիսի 8-ը՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը՝ արդեն պատմաբանների ու քաղաքագետների որոշելիքն է):
Եթե այնուամենայնիվ ընդունենք դեռեւս գիտականորեն չհերքված փաստը, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը ոչ թե 2018-ից է սկսվում, այլ մի փոքր ավելի վաղ՝ 1991-ից անկախության հռչակումով, ապա կարող է պարզվել, որ որեւէ բացառիկ դեպք չի եղել։ ՀՀ երեք նախկին ղեկավարներն էլ ուղիղ շփումներ են ունցել առանց բացառության բոլոր հարեւան երկրների ղեկավարների հետ եւ նույնիսկ մի քանի անգամ։
Հիմա ավելի լուրջ։ Քանի որ Փաշինյանը ԱԺ ելույթում շեշտը դրել էր Թուրքիայի ղեկավարության հետ շփումների վրա՝ ասելով, թե այդ երկրի հետ հարաբերություններում «կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են», մի քանի հիշեցում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։
1993 թվականի հունվարի 24-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ՝ քննարկելով Հայաստանին ցորենի մատակարարումները վերականգնելու հարցը։ Հայկական դիվանագիտության ջանքերով, նաեւ ամերիկյան կողմի միջնորդությամբ պատերազմի ամենաթեժ պահին հնարավոր էր եղել հայ-թուրքական սահմանը կարճ ժամանակով բացել եւ ցորեն ներկրել՝ առանց չափազանցության, ժողովրդին փրկելով սովից։
1993 թվականի ապրիլին Տեր-Պետրոսյանը պատվիրակությամբ մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու նախագահ Թուրգուտ Օզալի հուղարկավորության արարողությանը, եւ այնտեղ հանդիպել այն ժամանակ վարչապետ Դեմիրելին։ 1995 թվականի հոկտեմբերին ՀՀ առաջին նախագահը ՄԱԿ-ի 50-ամյակին նվիրված հոբելյանական հավաքի ընթացքում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ:
Ռոբերտ Քոչարյանը Թուրքիայի նախագահ Դեմիրելի հետ հանդիպել էր երկու անգամ՝ 1998 թվականի հունիսի 5-ին՝ Յալթայում, Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ընթացքում, իսկ երկրորդը՝ 1999 թվականի նոյեմբերին՝ Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում արդեն «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկը տրվեց, եւ նախկին նախագահները երկու անգամ հանդիպեցին։ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Աբդուլահ Գյուլը ժամանել էր Երեւան, իսկ մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 14-ին, Սերժ Սարգսյանն էր Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հրավերով մեկնել Բուրսա՝ դիտելու Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: Սերժ Սարգսյանի օրոք անգամ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին, թեեւ մի քանի տարի չվավերացվելուց հետո Հայաստանը հետ կանչեց իր ստորագրությունը՝ չեղյալ հայտարարելով ցյուրիխյան արձանագրությունները։
Մյուս հարեւանի՝ Ադրբեջանի նախագահների հետ ՀՀ ղեկավարների հանդիպումների ժամանակացույցը ավելի ծավալուն է. իրենց պաշտոնավարման ողջ ընթացքում նրանք պարբերաբար հանդիպել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի շրջանակում։
Վրաստանի եւ Իրանի ղեկավարների հետ հանդիպումների, փոխադարձ այցերի ու հեռախոսազրույցների մասին էլ չենք խոսում, քանի որ դրանք շատ հաճախակի են եղել, եւ դրանցով հպարտանալը մի տեսակ անիմաստ է նույնիսկ։
Եթե Փաշինյանը նկատի ունի կարճ ժամանակահատվածում միանգամից հարեւան բոլոր չորս երկների ղեկավարների հետ շփվելը, ապա այստեղ մեկ այլ հիասթափություն է սպասվում․ կարեւորը ոչ թե քանակն է կամ շփման հաճականությունը, այլ՝ բովանդակությունն ու արդյունքները։ Իսկ նրա շփումներում արդյունքների մասին ավելորդ է, թերեւս, խոսել։
Միգուցե, ժամանակն է լրջանալու եւ «աննախադեպ», «բացառիկ» երեւալու մոլուցքը փոխարինելու քրտնաջան եւ արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ։ Ի՞նչ իմանաս, գուցե այդպես հնարավոր լինի իսկապես աննախադեպ ու բացառիկ արդյունքներ գրանցել։ Թեեւ բացասական առումով աննախադեպ արդյունքներ վերջին չորս տարում արդեն գրանցվել են, դրանից այն կողմ էլ «տեղ չկա»։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: