Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պարենային գործարքին ՌԴ-ի մասնակցության վերսկսումը չի նշանակում, որ այն երկարաձգվել է։ Դրա գործողության ժամկետը դեռ չի լրացել: Ըստ Պեսկովի՝ գործարքի երկարաձգման թեման դեռ պետք է պաշտոնապես քննարկել, գնահատական տալ գործարքի կատարման արդյունավետությանը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծովային միջանցքի գործունեությունը լիովին կարգավորվել է, երբ Ռուսաստանը վերադարձել է գործարքին։
Աքարը նշել է, որ Անկարան ջանքեր է գործադրում նաեւ հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։
Հոկտեմբերի 29-ին ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Սեւաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով ռուսական կողմը դադարեցնում է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից գյուղատնտեսական ապրանքների դուրսբերման համաձայնագրերի իրականացմանը։
Եվրամիությունը Ռուսաստանին կոչ էր արել վերանայելու «պարենային գործարքին» մասնակցության կասեցման մասին որոշումը: