Որ ասում եմ՝ ՔՊ-ն ու նրա ղեկավարը լոզունգապաշտներ են, չեք հավատում։ Ընդ որում՝ պարտադիր չէ, որ այդ լոզունգը բազմամիլիոն ծախսով տպված «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» գրությամբ կամ դրա նման որեւէ այլ պաստառ լինի։ Մանավանդ որ վաղուց արդեն ոստիկանական ուժերն այս լոզունգի հեղինակի իսկական «օջախները»՝ կառավարական առանձնատներն ու կառավարության շենքը, պաշտպանում են «ընտանիքի անդամներից»՝ ժողովրդից։
Այդ լոզունգները կարող են հնչել նաեւ այսպես. «Վարչապետն առիթը բաց չի թողնում հաղորդակցվելու հասարակության հետ» (վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան): Մնում է հիշել, թե վերջին անգամ երբ է այդպիսի «առիթ» եղել։
Կամ (նույն պաշտոնյայի խոսքով)՝ «ՔՊ վարչության կազմում ընտրվել են այն մարդիկ, որոնց ընտրել են կուսակցական պատվիրակները, ամբողջ գործընթացը ուղիղ հեռարձակմամբ բոլորի աչքի առաջ է եղել. սա ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որ երբևէ գոյություն է ունեցել ՀՀ-ում՝ իր ներքին և արտաքին գործընթացներով»: Այո՛, շատ ժողովրդավարական է, ուղղակի ժողովրդավարության գագաթնակետն է, երբ ոչ մի լրատվամիջոցի ներկայացուցիչ չէր մասնակցում փակ համագումարին։
Այս լոզունգները հիշեցնում են խորհրդային տարիները։ Համեմատե՛ք, օրինակ, Արայիկ Հարությունյանի վերջին լոզունգային խոսքը եւ ԽՍՀՄ բոլոր քաղաքներում հանդիպող պաստառներից երկուսը՝ «Կուսակցությունը մեր դարաշրջանի միտքը, պատիվն ու խիղճն է», «Խորհրդային ընտրական համակարգը ամենադեմոկրատականն է աշխարհում»։
Դե, իսկ ԱԺ նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի՝ «Մենք մեծ դժվարությամբ համոզեցինք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը համաձայնի առաջադրվել վարչության նախագահի պաշտոնում» լոզունգը հիշեցնում է Բրեժնեւի առաջադրումը հերթական ընտրություններում, երբ ընտրողները դիմում էին «թանկագին Լեոնիդ Իլյիչին», որպեսզի նա հենց իրենց ընտրատարածքից առաջադրվի իբրեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատության թեկնածու։
Բրեժնեւ ասացի, ու մի այլ նմանություն էլ անմիջապես աչքի զարնեց. Նիկոլ Փաշինյանի խրոխտ զեկույցներն իր կառավարության գրանցած «աննախադեպ հաջողությունների» եւ ԽՄԿԿ որեւէ համագումարում նույն Լեոնիդ Իլյիչի զեկույցները ԽՍՀՄ ձեռքբերումների մասին։
Համեմատության համար ընտրել եմ նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում բյուջետային քննարկումների ժամանակ Փաշինյանի ասածներն ու 1971 թվականին ԽՄԿԿ 24-րդ համագումարում Բրեժնեւի ներկայացրածները։
Նիկոլ Փաշինյան (2022 թվականի նոյեմբերի 2). «Կուզեի սկսել խոսքս արձանագրումով, որ այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունն, ըստ էության, բում է ապրում»:
Լեոնիդ Բրեժնեւ (1971 թվականի մարտի 30). «Կուսակցության կենտրոնական կոմիտեն բոլոր հիմքերն ունի հայտարարելու, որ … նոր հսկա քայլ է կատարել երկրի տնտեսական հզորության ամրապնդման եւ ժողովրդի բարեկեցության բարձրացման ուղղությամբ»։
Նիկոլ Փաշինյան (2022 թվականի նոյեմբերի 2). «…Այս առումով, կարծում եմ, որ այսօր մենք ինչ-որ առումով քաղում ենք մենաշնորհների հաղթահարման մեր քաղաքականության, օլիգարխիայի վերացման մեր քաղաքականության, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելուն ուղղված և համակարգային կոռուպցիայի հաղթահարման մեր քաղաքականության պտուղները»:
Լեոնիդ Բրեժնեւ (1971 թվականի մարտի 30). «Հաշվետու ժամանակաշրջանում մեծ աշխատանք է կատարվել տնտեսական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ։ Կուսակցության որոշումներին համապատասխան արդյունաբերությունը փոխադրվեց պլանավորման եւ տնտեսական խթանման նոր ռելսերի վրա, ինչը հնարավորություն տվեց կասեցնելու տնտեսության այն անցանկալի երեւույթների զարգացումը, որոնք նկատվում էին նախորդ տարիներին»։
Կարելի է էլի մեջբերում-համեմատություններ անել։ Բայց այսքանը բավական է։
Իսկ տարբերություննե՞ր։
Կա՛ն, կա՛ն. Բրեժնեւի ելույթում գոնե ձեւի համար քննադատական խոսք էր հնչում նաեւ թերացումների կամ չարածի մասին։ Իսկ «աննախադեպ վարչապետի» ելույթում նման բան չկա։ Համատարած հաջողություններ են եւ, իհարկե, այդ «հաջողությունները» զարգացնելու համար «աննախադեպ» անելիքների թվարկում։
Ավարտելուց առաջ, համենայն դեպս, հիշեցնեմ, որ Լեոնիդ Բրեժնեւը եւս մի պատմական արտահայտություն է արել՝ «Շիրակո շագայետ Ազերբայջան», որ թարգմանվում է՝ «Լայնորեն է քայլում Ադրբեջանը»։
Կարելի էր նաեւ սա ասել՝ հավելելով. «…Արցախի գրավյալ եւ Հայաստանի 130 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքներով…»։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։