ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ Բրյուսելում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ անցկացված նիստի ընթացքում կողմերը պայմանավորվել են արագացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:
Ըստ ԱԳՆ–ի` մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին եւ վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում եւս օժանդակություն ցուցաբերել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերում:
Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով տարբեր ձեւաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական եւ ընթացակարգային հարցերին։