Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած եվրախորհրդարանի պատգամավորներն այցելել են Սյունիքի մարզ, ծանոթացել ադրբեջանական վերջին հարձակման հետեւանքներին: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն արձանագրել է՝ Ադրբեջանն ագրեսիա է գործել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, կատարել ռազմական հանցագործություններ:
Առաքելության անդամները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ եւ այն վայրագությունները, որոնք թույլ են տրվել հայ ռազմագերիների նկատմամբ, դրանք մարդկության դեմ իրականացված հանցագործություններ են, եւ հույս ունեն՝ կատարողները պատասխանատվության կենթարկվեն։
Եվրախորհրդարանի պատգամավորի համոզմամբ՝ տարածքային խնդիրները պետք է լուծվեն խաղաղ դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ պատերազմներով:
Երկարաժամկետ առաքելության տեղակայումն անհրաժեշտություն է համարում
Ըստ Ֆաբիո Կաստալդոյի՝ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել սահմանին հրադադարի պահպանման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ: Քանի դեռ այս հարցը լուծված չէ, ՀՀ-ում երկարաժամկետ առաքելության տեղակայումն անհրաժեշտություն է համարում:
«Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերն այս ուղղությամբ, եւ կոչ եմ անում ավելացնելու դիտորդների քանակը Հայաստանում: Բայց միաժամանակ պետք է արձանագրենք, որ փաստացի առաքելությունը աշխատում է 50 տոկոսով, որովհետեւ Ադրբեջանը չի ցանկանում դիտորդական առաքելության տեղակայում իր երկրի տարածքում»,- շեշտել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը:
Պատգամավորն անթույլատրելի է որակել նաեւ Ադրբեջանի՝ զոհված հայ զինծառայողների դիերի դուրսբերումը խոչընդոտելը, դատապարտել 44-օրյա պատերազմից հետո ռազմագերիներին չվերադարձնելու փաստը: Եվրախորհրդարանի փաստահավաք առաքելության երկրորդ խումբը ՀՀ կժամանի 2023-ի փետրվարին: