ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է «պարենային գործարքի» շարունակումը եւ շնորհակալություն հայտնել Թուրքիային այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու համար: Նա նաեւ կարեւորել է նոյեմբերի 18-ից հետո հացահատիկային նախաձեռնության երկարաձգումը։
«Ես շնորհակալ եմ Թուրքիային եւ անձամբ նախագահ Էրդողանին Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի անվտանգ անցման շուրջ բանակցությունների համար, ինչը թեթեւացնում է պարենի համաշխարհային ճգնաժամը»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ռուսաստանը հոկտեմբերի 29-ին հայտարարեց, որ Սեւաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով դադարեցնում է Ուկրաինայի նավահանգիստներից պարենամթերքի դուրսբերմանն իր մասնակցությունը: Այն վերսկսելու մասին ՌԴ-ն հայտարարեց 72 ժամ անց՝ նոյեմբերի 2-ին։ Ընդ որում` ռուսական կողմը հավելել էր, որ Մոսկվայի վերադարձը հացահատիկի գործարքին չի նշանակում, որ այն մեխանիկորեն նոյեմբերի 18-ից հետո կերկարաձգվի։