Չնայած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենց շնորհիվ Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է, պարզվեց՝ նույն օրը ՔՊ-ի ներսում կեղծել են վարչության անդամի ընտրությունների արդյունքները։
Որ տեղի ունեցածը ոչ թե անճշտության հետեւանք էր, այլ նախապես կազմակերպված կեղծիք, որեւէ կասկած չկա։ Ընդ որում՝ իշխող կուսակցության ղեկավար կազմի ընտրությունները կեղծվել են ամենակոպիտ ձեւով՝ առանց «սեթեւեթանքի»։ Դրանում համոզվելու համար բավական է նայել վերահաշվարկի արդյունքները։ Կոնկրետ անձանց՝ Արսեն Թորոսյանի եւ Արմեն Փամբուխչյանի օգտին քվեները պարզապես չեն արձանագրվել։ Փոխարենը Հայկ Կոնջորյանի եւ Համբարձում Մաթեւոսյանի օգտին ավելի շատ ձայն են հաշվել՝ փորձելով նրանց ընդգրկել վարչության կազմում։
Եվ այս ամենն արվել է մի կուսակցության ներսում, որի առաջնորդը համագումարում, հիշեցնենք, հայտարարում էր. «Մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ–ն այսօր դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին։ Ամենատարբեր վարկանիշներում մենք, այո՛, գուցե առաջատար եռյակում չենք, բայց շատ պատվավոր տեղեր ենք զբաղեցնում ժողովրդավարության չափանիշներով, ընտրությունների ազատության չափանիշներով»։
Դժվար է հավատալ, որ տեղի ունեցածն ինչ-որ անձանց ինքնագործունեության հետեւանք է (կեղծիքները վերագրում են ՔՊ վարչության անդամներից պատգամավոր Արփի Դավոյանին ու նրա ղեկավարած խմբակին)։ Հայաստանյան քաղաքական դաշտի մասին քիչ թե շատ պատկերացում ունեցող մարդկանց համար պարզ է, որ նման քայլի առանց Նիկոլ Փաշինյանի կամ առնվազն դեռ այդ ժամանակ ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի իմացության ու թողտվության հազիվ թե որեւէ մեկը համարձակվեր գնալ։ Ինչ-ինչ, բայց ՔՊ-ականները եւս հասցրել են լավ յուրացնել այդ դասը։
Տեղի ունեցածն իսկապես աննախադեպ երեւույթ է։ Դժվար է հիշել մի դեպք, երբ նախկինում իշխող կուսակցության համագումարում ականատես լինեինք նման սկանդալների, եւ պարզվեր, որ կեղծվել են կուսակցության ղեկավար կազմի ընտրությունները։
Ճիշտ է, ՀՀԿ-ում կուսակցության ղեկավար կազմի ընտրությունը փակ-գաղտնի քվեարկությամբ չէր անցկացվում, Սերժ Սարգսյանի նախապես կազմած ցուցակը ներկայացվում էր բաց հաստատման, ներկուսակցական ինտրիգներն էլ տեղի էին ունենում «շեֆի բարեհաճությանն» արժանանալու եւ ցուցակում ընդգրկվելու համար։ Տարբեր տարիներին իշխող կոալիցիայի մաս կազմած կուսակցությունների ներսում եւս նման դեպքեր չեն արձանագրվել։ Մինչդեռ ՔՊ-ականները գերազանցում են բոլոր սպասելիքները՝ շարունակելով եւ կատարելագործելով բոլոր վատ ավանդույթները։
Որքան էլ տեղի ունեցածը ներկուսակցական խնդիր թվա, այնուամենայնիվ, պետք է ունենա հետեւանքներ, եւ հանրությունը պետք է տեղեկացվի այդ ամենի մասին։ Միայն վերահաշվարկից հետո վարչության նոր կազմը հաստատելը բավարար չէ, պետք է պատժվեն այս ամենի հեղինակները։ Ի՞նչ ձեւով դա կարվի, արդեն ՔՊ-ականների գործն է։
Մանավանդ, որ տեսակետը, թե վարչության ընտրություն կեղծողը համապետական ընտրություններ էլ կկեղծի, գնալով տիրապետեղ է դառնում։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: