Ըստ Միջազգային էներգետիկ համաժողովի (IEF)՝ եթե Ռուսաստանից մատակարարվող նավթի ծավալները նվազեն օրական 3 միլիոն բարել, Համաշխարհային շուկայում նավթի գները կարող են զգալիորեն աճել, եւ Brent տեսակի նավթի համար 1 բարելի գինը կարող է հեշտությամբ գերազանցել 100 դոլարը։ Հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ հաջորդ ամիս ուժի մեջ են մտնում ԵՄ-ի՝ ռուսական նավթի ծովային ճանապարհով իրականացվող մատակարարումների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
IEF-ի գլխավոր քարտուղար Ջոզեֆ Մակմոնիգլը Bloomberg TV-ի եթերում հայտարարել է, որ թե՛ Միջազգային էներգետիկ համաժողովը, թե՛ բազմաթիվ նավթ եւ նավթամթերքներ սպառող երկրներ, որոնց թվում նաեւ Միացյալ Նահանգները, խորապես անհանգստացած են միջազգային նավթային շուկայի ապագայով, երբ ուժի մեջ մտնեն Եվրամիության վերոնշյալ պատժամիջոցները։
Մասնագետների պնդմամբ՝ նշված պատժամիջոցները կարող են նավթային միջազգային շուկայի համար Ռուսաստանից ստացվող 1-3 միլիոն բարել նավթի կորստի պատճառ դառնալ։
«Հնարավոր է, որ Ռուսաստանը կարողանա «սողանցք» գտնել այդ սահմանափակումները շրջանցելու համար, բայց դա միանգամից տեղի չի ունենա»,- ասել է Մակմոնիգլը՝ կանխատեսելով, որ առաջիկայում միջազգային նավթային շուկային սպասվելու է բավականին լուրջ անկայունության շրջան։
«Արդեն այսօր շուկան չափազանց լարված է, կանխատեսումները մռայլ են ու վկայում են սպասվող ռեցեսիայի (տեւական տնտեսական անկման) մասին»,- ամփոփել է Միջազգային էներգետիկ համաժողովի ղեկավարը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը