ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ ՀՆԱ-ից առողջապահության ոլորտին ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել այն կարիքը, որն ունի մեր երկիրը առողջապահության ոլորտում։
Ըստ 2023-ի պետբյուջեի նախագծի՝ առողջապահության նախարարությանը հատկացվելիք ֆինանսական միջոցների հանրագումարը 146 միլիարդ 373 միլիոն դրամ է։ Նախորդ տարվա համեմատ այն մոտ 27 միլիարդ դրամով ավելի է։
Ավանեսյանը հավելել է, որ 2023-ի բյուջեով նախատեսվում է նաեւ վերանայել բուժաշխատողների, մասնավորապես ամբուլատորիաների ու պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, որի համար կտրամադրվի 1,7 միլիարդ դրամ։ Աշխատավարձերը վերանայվելու են միայն բուժաշխատողների անձնական արդյունքային ցուցանիշների բարեփոխման պարագայում, որպեսզի դա ազդի նաեւ ծառայությունների որակի վրա։
Առաջիկա 5 տարիներին առնվազն 50 բուժկենտրոններ պետք է վերազինվեն ու վերակառուցվեն։ 2023-ին ավելի ուշադրություն կդարձվի մարզային ամբուլատորիաների վերակառուցմանն ու վերազինմանը։ Ըստ առողջապահության նախարարի՝ եկող տարի կվերանայվեն նաեւ բժշկական որոշ ծառայությունների գները։