Ըստ բրիտանական Financial Times պարբերականի՝ Ադրբեջանը զգուշացրել է, որ կկարողանա կատարել ԵՄ գազի արտահանումը կրկնապատկելու իր պարտավորությունը միայն խողովակաշարերում նոր ներդրումների ու երկարաժամկետ գնման պայմանագրերի պայմաններում: Ձմռանը վառելիքի դեֆիցիտի վերաբերյալ Բրյուսելի մտավախությունների հետնապատկերում, երբ Եվրոպան շտապում է այլընտրանք գտնել ռուսական մատակարարումներին, Բաքվի պահանջները խստանում են։ Բրյուսելն ու Բաքուն մատակարարումները կրկնապատկելու վերաբերյալ՝ մինչեւ 2027-ը տարեկան մինչեւ 20 միլիարդ խորանարդ մետր, հուլիսին համաձայնագիր ստորագրեցին:
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Financial Times-ին տված հարցազրույցում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը նշել է, որ Կասպից ծովից մինչեւ Ադրիատիկ ծով Հարավային գազային միջանցքի՝ 3500 կիլոմետրանոց ընդլայնումը միլիարդավոր դոլարների ներդրումներ է պահանջում, եւ որ պետք է եվրոպական ընկերությունների հետ 2027-ից հետո գազի գնման պայմանագրեր կնքել։ Մամեդովը հավելել է, որ Եվրոպան այլընտրանքային մատակարարների խիստ կարիք ունի, եւ Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ դա Ուկրաինայում պատերազմի լույսի ներքո ինչ-որ ինքնաբուխ պահանջարկ չէ:
Ըստ Մամեդովի՝ պատերազմը վաղ թե ուշ կավարտվի, իսկ հետո ԵՄ-ից կսկսեն Ռուսաստանից գազ գնել ու Բաքվին կասեն՝ «մեզ այլեւս գազ պետք չէ»։ Նա նշել է, որ Ադրբեջանն իր կողմից պատրաստ է ներդնելու միջոցների մի մասը, բայց նաեւ ակնկալում է, որ ԵՄ-ն եւս քայլ կանի։
ԵՄ էներգետիկայի հարցերով փորձագետ Լորան Ռուսեցկասը նշել է, որ թեեւ Ադրբեջանը կարող է կարճաժամկետ հեռանկարում փոքր-ինչ ավելացնել գազի արտահանումը Իտալիա եւ Բուլղարիա, զգալի լրացուցիչ ծավալները արդյունահանման եւ լոգիստիկայի ոլորտում լուրջ ներդրումներ կպահանջեն: