ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում յուրօրինակ խոստովանություն է արել․«Ինձնից հավատարիմ մարդ Փաշինյանին չկա, ու ես չեմ ընտրվել ՔՊ վարչության կազմում»։
62-ամյա Աղազարյանի անկեղծությանը չենք կասկածում․ եթե այս տարիքում նա որոշել է բարձրաձայնել Փաշինյանին իր հավատարմության մասին, ուրեմն այդպես էլ կա։ Բայց այս հայտարարությամբ նա անհարմար դրության մեջ է դրել գործընկերներին՝ բացահայտ կասկածի տակ դնելով նրանց հավատարմությունը։ Ու հիմա ՔՊ–ականները ստիպված են լինելու բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով ապացուցել, որ կա Աղազարյանից ավելի հավատարիմ մարդ։ Մանավանդ որ իշխանության մեջ հավատարմությունը վաղուց քաղաքական կատեգորիա է, կարելի է ասել՝ ամենակարեւոր չափանիշներից մեկը։
Քաղաքագիտության մեջ կա «մերիտոկրատիա» հասկացությունը, որ թարգմանաբար նշանակում է «արժանիների իշխանություն»։ Մերիտոկրատիան կառավարման սկզբունք է, համաձայն որի՝ ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից եւ ֆինանսական կարողությունից։ Այս սկզբունքով կառավարել են դեռեւս հին Չինաստանում։
Հայաստանում, սակայն, սրա մասին անիմաստ է խոսել․ մերիտոկրատիան մեզանում ընդամենը քաղաքագիտական տերմին է, գեղեցիկ խոսք եւ ոչինչ ավելի։ Իսկ իրականության մեջ այն գոյություն չունի։
Նախկին իշխանություններն իրենց կադրային քաղաքականության մեջ առաջնորդվել են ոչ թե մերիտոկրատիայի սկզբունքով, այլ որպես չափանիշ ունենալով «առաջնորդին» նվիրվածությունը։ Նույն կերպ վարվում են նաեւ այսօրվա իշխանությունները՝ շարունակելով նախկինների վատագույն ավանդույթները։
Հիշո՞ւմ եք, 2018-ի հեղափոխությունից հետո իշխանությունները հայտարարեցին կադրային բանկ ստեղծելու մասին, անգամ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել օգտվելու պետական կառավարման համակարգում աշխատանքի տեղավորվելու հնարավորությունից եւ իրենց ինքնակենսագրականներն ու մոտիվացիոն նամակներն ուղարկել Կառավարություն։ Եվ ի՞նչ եք կարծում, կադրային բանկից քանի՞ հոգի ընտրվեց եւ պաշտոն ստացավ։ Քիչ, չափազանց քիչ թվով մարդ (այլապես մի քանի անգամ սրա մասին կթմբկահարվեր 100 փաստերի մեջ)։
Փոխարենը ականատես ենք եղել հակառակ երեւույթի․ ամենավառ օրինակն ԱԺ–ում անցկացված վերջին «ընտրություններն» էին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ անձանցից մեկը՝ ՔՊ հիմնադիրներից այդ կուսակցության վարչության արդեն նախկին անդամ Վահագն Հովակիմյանը։ Դեռ ավելին, նրա ընտրության սահմանադրականությունը եւս կասկածելի է, եւ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները Սահմանադրական դատարան են դիմելու։
ԱԺ ընտրության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ դարձավ Կարեն Անդրեասյանը՝ ՀՀ արդարադատության նախկին նախարարը, որը մի առիթով խոստովանել էր՝ «Լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Փաշինյանի լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»։ Նա էլ իր հետ ԲԴԽ տարավ տեղակալին՝ Երանուհի Թումանյանցին։
Ավելի վաղ արված նշանակումները եւս հավատարմության սկզբունքով են եղել, երբ, օրինակ, պաշտպանության նախարարի պաշտոնը վստահվեց Սուրեն Պապիկյանին, որը մասնագիտությամբ պատմաբան էր եւ զինվորականության հետ առնչություն չուներ։
Այնպես որ, երբ Հովիկ Աղազարյանը հայտարարում է՝ իրենից հավատարիմ մարդ Փաշինյանին չկա, պատահական խոսքեր չեն։ Ի վերջո նա պատգամավորական մանդատն էլ վաստակել է հենց այդ հավատարմության շնորհիվ, ինչպես եւ ՔՊ խմբակցության մյուս գործընկերները։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: