Ըստ իրանական Mehr գործակալության՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտնել է, որ Իրանը Ռուսաստանին փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքեր է մատակարարել ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի ամիս առաջ։ Նա նշել է, որ հրթիռների վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Այսպես է նա մեկնաբանել արեւմտյան քաղաքական գործիչների, փորձագետների եւ լրատվամիջոցների պնդումները, ըստ որոնց` Ռուսաստանն Ուկրաինայի դեմ Իրանից գնված անօդաչու թռչող սարքեր է կիրառում։
«Մենք Ռուսաստանին փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքեր ենք տրամադրել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց մի քանի ամիս առաջ»,- ասել է Աբդոլահիանը:
Ըստ Իրանի արտգործնախարարի՝ Թեհրանն անտարբեր չի լինի, եթե ապացուցվի, որ Ռուսաստանն իրանական անօդաչու սարքեր է օգտագործել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում: Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցություններին։ Աբդոլահիանը վստահեցրել է, որ Թեհրանը մեծ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ։