Փոռում հողը փորում են կին թե տղամարդ։ Բահ ու քլունգ ձեռքներին անցել են գործի, ջրի խողովակները պիտի փոխեն։ Վայոց ձորի փոքրիկ այս գյուղում աշխատանքից հոգնել չգիտեն, սովոր են՝ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն։
Մի քանի տասնամյակ չփոխած, փտած խողովակներով խմելու ջուրը տներին չի հասնում, բայց հասցնում է գյուղամիջյան առանց այդ էլ անբարեկարգ փողոցները քանդել։
Փոռեցի Ռիտան, Էմման ու մյուսները ե՛ւ խողովակի ճամփա են քանդում, ե՛ւ ընթացքում իրար մեջ խոսում՝ էդ մի տրակտորն ի՞նչ էր, չտվեցին, որ գոնե արագ առաջ գնար գործը։ Գյուղի երիտասարդները սահման են պահում, նրանց ծնողների աչքին գործ չի երեւում։
Մի քանի հանգիստ րոպեները փոռեցիները սուրճի շուրջն են անցկացնում։ Նստում են իրենց փորած փոսի կողքին, շունչ քաշում ու կատակում՝ գոնե սուրճի մրուրից հասկացվեր՝ իրենց ու Փոռի վերջն ինչ է լինելու։ Գուշակություն անել չի ստացվում, բայց լավատես են՝ խաղաղություն լինի, մնացած խնդիրները կլուծվեն։
Հարեւանների հետ խողովակի ճամփա է բացում Փոռի սեզոնային բնակիչ Նվեր Գալստյանը։
Երեւանաբնակ Նվերը տասը տարեկանից մայրաքաղաք է տեղափոխվել, բայց ծննդավայրից կտրվել չի կարողացել․ տարվա մի քանի ամիսը հայրենի տանն է։ Գյուղի սկզբում գտնվող տներին ջրից բացի գազն էլ չի հասել, խողովակները հեռու են։
Բնակիչներն ասում են՝ այնքան են դիմել ջրի հարցով, որ իրենց բողոքն անգիր են արել։ Վերջին անգամ էլ նախորդ տարեվերջին՝ ընտրություններից առաջ են խոստացել՝ կվերանորոգեն։ Փոռեցիները սպասելուն սովոր են, միայն թե չգիտեն՝ ավելի շատ ինչի՞ն սպասեն՝ գազի՞, ջրի՞ խողովակներին, տրակտորի՞ն, թե՞ որ իրենց կհիշեն։
Բնակավայրի վարչական ղեկավար Մովսես Բադալյանն ասում է՝ ջրի խողովակներով անպայման զբաղվելու են, բայց բնակիչներն էլ պիտի հետեւողական լինեն․ ծորակը բացում են, չեն փակում, հարեւանին ջուր չի հասնում։ Նաեւ զգուշացնում է՝ եթե չսովորեն խնայել, ստիպված ջրաչափեր կտեղադրեն։
Վայոց ձորի հեռավոր այս գյուղում հյուրերն այնքան քիչ են լինում, որ երբ մեկը գնում է, նախ գնալու լուրն է տարածվում։ Ասում են՝ գոնե խանութ լիներ, շաբաթվա ընթացքում մթերք տեղափոխող ավտոմեքենա կգար, շարժ կլիներ։ Առեւտուրը Վայքից են անում։
Երեսունից պակաս տնտեսություն ունեցող այս բնակավայրում մարդիկ մի ընտանիքի պես են ապրում՝ նույն հոգսերով ու երազանքներով։ Մեկի տանը որ մի բան պակասում է, գիտի՝ հարեւանից կուզի։
Գյուղի նախկին գրադարանավար Ազատուհի տատը բնակավայրի պատմությունն ամենալավը գիտի։ Ցույց է տալիս իր փոռավոր զգեստն ու ժպտում՝ Պարսկաստանի Սալմաստ գավառից ներկա բնակավայր տեղափոխվելիս կանայք փոռավոր զգեստներով են եղել, դրանից էլ առաջացել է գյուղի անունը։ Մյուս փոռեցիներն էլ միջամտում են՝ «փոռ» բառն «անարատ» կամ «հարուստ» է նշանակում։
Հետո ընդհանուր հայտարարի են գալիս՝ կարեւորը գյուղը սիրելն ու պահելն է, որ Փոռն էլ անվան պես մի օր պատմություն չդառնա։
Գյուղի կենտրոնում Սուրբ Աստվածածին եկեղեցին է՝ փոռեցիների հպարտությունը։ 1800-ականներին է կառուցվել։ Նաեւ որպես դպրոց է ծառայել՝ մոտ 50 աշակերտով։
Հիմա Փոռում դպրոց, մանկապարտեզ չկա։ Այդ տարիքի երեխաներն էլ քիչ են։ Դպրոցահասակ տասը փոռեցիները հարեւան Ազատեկ գյուղի դպրոցում են սովորում։
Գյուղամեջը երեխաների սիրելի զբոսավայրն է։ Երեկոյան հավաքվում են եկեղեցու բակում ու քանի որ ֆուտբոլի թիմ չեն կարող ձեւավորել, պահմտոցի, «անուն-գոռոցի» ու բակային այլ խաղեր են խաղում։ Անահիտն ու Աննան դասընկերուհիներ են։
Ամաչկոտ աղջիկները դասերից խոսելիս ժպտում են՝ հարեւան Ազատեկում իրենց գյուղի երեխաներով Փոռի պատիվը բարձր են պահում՝ բարձր գնահատականներով։
Բնակիչները չեն նստում ու սպասում՝ երբ գյուղը կդատարկվի։ Տարբեր նախաձեռնություններ են փորձում սկսել, միայն թե մի քիչ աջակցություն ու հույս են ուզում, որ ամեն ինչ կհաջողվի։ Ռուզան Մարգարյանը ուզում է չրագործությամբ զբաղվել։ Տան բակում ամեն տեսակի միրգ ու պտուղ չորացնում է, բայց ծավալները քիչ են, վաճառքն էլ՝ ծանոթ-բարեկամի միջոցով։ Ասում է՝ եթե մի քիչ աջակցեն, հարթակներ տրամադրեն, գոնե մի քանի սարքավորում տան, ոչ միայն ինքը, այլեւ մյուս փոռեցիները կկարողանան դրանով եկամուտ ստանալ, կայունանալ։
Ռուզանը դժվարանում է իր երկու երեխաների ապագան Փոռում պատկերացնել։ Ասում է՝ թե պայմաններ լինեն, իրենց երեխաներն էլ դպրոցից բացի այլ բանով զբաղվելու հնարավորություն ունենան, Փոռը լքելու մտքերից կազատվեն։
Բնակավայրի վարչական ղեկավար Մովսես Բադալյանը վստահ է՝ Փոռն ապրող գյուղ է։ «Մարդիկ այստեղ տներ ու հարազատների գերեզմաններ են թողել, հենց այնպես չեն մոռանա։ Որ գյուղը այսքան տարի չի դատարկվել, էլ չի դատարկվի»,- ասում է Մովսես Բադալյանը։ Իր երկու երեխաները Երեւանում են ապրում գյուղում աշխատանք չլինելու պատճառով։
Ժամանակից շուտ ծերացած 63-ամյա Արայիկ պապը եւս լավատես է։ Ասում է՝ իրենց գյուղը միշտ էլ հիշելու են. Փոռի մասին «Խաչագողի հիշատակարանում» է գրվել։ Միայն թե ուզում են՝ Փոռը հիշեն ու հիշատակեն նաեւ այսօր։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: