«Ինձ որ թողնեք, վերնախավի զավակներից վաշտ կհավաքեմ, եւ հաջորդ օրը պատերազմը կավարտվի». այս արտահայտությունը վերագրում են հանգուցյալ գեներալ Ալեքսանդր Լեբեդին, որ նա արել է 1990-ականներին՝ չեչենական պատերազմի օրերին:
Ռուսական «Կարեւոր պատմություններ» կայքի հետաքննող լրագրողները, առաջնորդվելով գեներալի փիլիսոփայությամբ, որոշել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներից «ոսկի վաշտ» ձեւավորել. նրանք հեռախոսով կամ էլեկտրոնային նամակով կապվել են ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հարազատների հետ եւ Ուկրաինա՝ պատերազմի մեկնելու առաջարկ արել։ Ուշագրավ է ոչ այնքան պարբերականի նախաձեռնությանը «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչների՝ միանգամայն սպասելի արձագանքները, որքան պատերազմից հեռու նրանց վարած «քաղցր» կյանքը:
3,85 միլիոն հետեւորդ ունեցող ֆիթնես բլոգերը
Մասնավորապես, երբ «Կարեւոր պատմությունները» փորձել է կապվել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի 32-ամյա փեսայի՝ ֆիթնես բլոգեր Ալեքսեյ Ստոլյարովի հետ, պարզվել է՝ նա թռել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդու՝ հանգստանալու։
Ստոլյարովի YouTube-յան ալիքին հետեւում է 3,85 միլիոն մարդ: Նրա կինը՝ Շոյգուի կրտսեր դուստրը, Մոսկվայում 148 քմ բնակարանի, ինչպես նաեւ 435 եւ 191 քմ փենթհաուսի սեփականատեր է: Զորահավաքի մասին հարցին Շոյգուի փեսան ոչ մի կերպ չի արձագանքել:
Միջուկային պատերազմի կոչերն ու թվային տրանսֆորմացիան
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի 27-ամյա որդին՝ МГИМО-ի շրջանավարտ Իլյան, պատերազմի թեժ շրջանում անդամագրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը: Կուսակցական տոմսը նրան անձամբ հանձնել է պատերազմի գլխավոր ջատագովներից մեկը՝ Անդրեյ Տուրչակը:
Իլյայի հայրը՝ Դմիտրի Մեդվեդեւը, վերջին ժամանակներս գնդակահարությունների, մահվան դատավճիռների ու միջուկային պատերազմի կոչեր է անում: Մեդվեդեւի որդին, որն իր գիտելիքները կիրառում է բիզնեսի եւ թվային տրանսֆորմացիայի ոլորտներում, լրագրողներին պատասխանել է, որ դեռ ծանուցագիր չի ստացել։
Դոնբասի համակարգողն ու աղբի վերամշակման մասնաբաժինը
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի 33-ամյա փեսան՝ Անդրեյ Ուգնիչը, զորահավաքի նկատմամբ վերաբերմունքի մասին հարց լսելուց հետո պարզապես անջատել է հեռախոսը։ Նրա աները՝ Կիրիենկոն, որին անվանում են Դոնբասի համակարգող, այցելում է բռնազավթված տարածքներ եւ ռազմաշունչ հայտարարություններ անում:
Ուգնիչը կնության է առել Կիրիենկոյի ավագ դստերը, որի հետ սովորել է Ֆրանսիայում: 2019-ին նա Տամբովի շրջանում աղբի վերամշակման ընկերությունում մասնաբաժին է ստացել:
Քարոզչամիջոցներ համակարգողի մեդիամենեջեր որդին
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովի որդիները՝ 30-ամյա Ալեքսեյը եւ 27-ամյա Դանիլան, զորահավաքի մասին հարցը լսելուն պես անջատել են հեռախոսը։ Նրանց հայրը՝ Ալեքսեյ Գրոմովը, երկար տարիներ համակարգել է ռուսական լրատվամիջոցների ու քարոզչամիջոցների աշխատանքը: Նրա ավագ որդին մեդիամենեջեր է, գլխավորում է «Կուբ» ինտերնետ-ռեսուրսը:
Կրտսեր որդին վարում է Tesla, Porshe եւ Audi Q5 թանկարժեք ավտոմեքենաներ, մի քանի բնակարան ունի Մոսկվայի կենտրոնում, որոնցից մեկը հայրը ստացել է նախագահի աշխատակազմից:
Maybach է քշում ու պարբերաբար ջնջում է չաթը
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի 29-ամյա փեսան՝ Մարկ Տիպիկինը, չի պատասխանել հեռախոսազանգերին, սակայն ջնջել է չաթը, երբ կարդացել է «ինչպես է վերաբերվում զորահավաքին» հարցը։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կլանի անդամ Վորոբյովի ղեկավարած Մոսկվայի մարզը ողողված է Ուկրաինայի պատերազմի օգտին խորհրդանիշներով:
Վորոբյովի դուստրն ու փեսան շքեղ առանձնատուն ունեն Իտալիայի կուրորտային քաղաքներից մեկում՝ Ֆորտե դեի Մարմիում: Տիպիկինը վարում է Maybach եւ BMV մակնիշի ավտոմեքենաներ եւ Harley Davidson մոտոցիկլետ: 2020-ին БКС ներդրումային ընկերության կուտուզովյան մասնաճյուղում 19 միլիոն ռուբլի եկամուտ է վաստակել:
«Ճիշտ տեսակետներ» ունեցող ընտանիքի զավակը
ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի 39-ամյա որդին՝ Անդրեյը, ռեստորանային, շինարարական եւ ծրագրային ապահովման ընկերությունների համասեփականատեր է: Նրա բիզնես գործընկերների մեջ քրեական անցյալով մարդիկ կան: 2021-ին «Նախագիծ» պարբերականը բացահայտել է, որ ՆԳՆ նախարարի որդու ընտանիքը 1,8 միլիարդ ռուբլու կարողություն ունի: Պարբերականի հարցին ի պատասխան նա ասել է, թե պատրաստ է ծանուցագիր ստանալուն պես մեկնելու Ուկրաինա՝ պատերազմի: «Որպես հայրենասեր եւ իմ պետության քաղաքացի՝ միշտ կպաշտպանեմ այն: Եթե կանչեն զորահավաքի, պատասխանատվությամբ կարձագանքեմ ու կմնեկնեմ ռազմաճակատ: Չեմ բացառում, որ էդպես էլ կլինի, քանի որ շատ ճիշտ տեսակետներ ունեցող ընտանիք ունեմ»։
Ուժային կառույցի պաշտոնյայի ձեռներեց որդիները
Պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովի որդիները՝ 34-ամյա Դանիելն ու 31-ամյա Զացուրը, որոնց ընկերություններին պատկանող գրասենյակային կառույցները գնահատվում են 400 միլիոն ռուբլի, հայտարարել են, որ եթե զորահավաքի կանչեն, կմեկնեն ռազմաճակատ: Պաշտպանության փոխնախարարի ավագ որդին եղել է «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռներ» պաշտպանական բաժնետիրական ձեռնարկության վաճառքի աջակցության դեպարտամենտի ղեկավար: Կրտսեր որդին 2019-ին աշխատել է Բնակարանային տնտեսության ռեսուրսների հաշվարկման սարքեր արտադրող IT ընկերությունում:
Մոլոտովի շառավիղը ծանուցագիր չի ստացել
Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովի 20-ամյա որդին՝ Դմիտրին, որը կարիերա է անում բանկային ոլորտում, ասել է, որ ծանուցագիր չի ստացել: «Ուրախ եմ, որ զորահավաքն ավարտվել է, քանի որ ենթակա էի զորակոչման: Եթե պատերազմ լինի, կգնամ կռվելու»,- ասել է Սովկոմբանկի վերլուծաբան Նիկոնով կրտսերը: Նրա հայրը՝ Ստալինի օրոք ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովի թոռ Վյաչեսլավ Նիկոնովը, որպես պատգամավոր պուտինյան օրենքներին միշտ կողմ է քվեարկում:
Խորհուրդ է տվել հետեւել պետական լրատվամիջոցներին
ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի 28-ամյա որդին՝ «Kler & Klarte»-ի սեփականատեր Պավելը, որի հաճախորդներն են «Ռոստեխ»-ը, «Ռոսկոսմոս»-ն ու ՌԴ արդյունաբերական առեւտրի նախարարությունը, պարբերականի հարցին ի պատասխան ասել է, որ պատրաստ է մեկնել կռվելու Ուկրաինա:
«Ի՞նչ տարբերություն՝ ինչի համար ես կռվի գնում: Գաղափարն ի՞նչ կապ ունի: Եթե պետությունը համարում է, որ պետք է կռվել, ուրեմն պետք է կռվել»: Նա «Կարեւոր պատմություններ»-ի լրագրողներին խորհուրդ է տվել հետեւելու պետական լրատվամիջոցների եւ լսելու երկրի ղեկավարության ելույթները:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը