Սահմանապահ Արենի բնակավայրի բնակիչ Արփինե Մաթեւոսյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո երկու տարի աշխատել է Երեւանում որպես մանկավարժ․ երեխաներին կավագործություն ու նկարչություն է դասավանդել։ Դասավանդելուն զուգընթաց երբեմն վերապատրաստման դասընթացների է մասնակցել։ Արփինեն վաղուց երազում էր արհեստանոց հիմնադրել, որտեղ կկարողանար ձեռագործ իրեր պատրաստել, զբաղվել դրանց վաճառքով եւ, իհարկե, դասավանդել։
2019 թվականին որոշեց դա անել հենց Արենիում, քանի որ հարազատ բնակավայրը եւս արհեստանոցի կարիք ուներ, Արենիում երեխաները հնարավորություն չունեին հաճախելու նկարչության կամ կավագործության դասերի։
«Հիշում եմ, երբ ինքս էլ փոքր էի եւ ուզում էի նկարչության դասերի հաճախել, մեր գյուղում չկար այդպիսի խմբակ։ Ծնողներս ինձ Եղեգնաձոր էին տանում նկարչության դասերի, իսկ դա այնքան էլ դյուրին չէր։ Մտածեցի՝ եթե արհեստանոց հիմնեմ, Արենիում ապրող երեխաները չեն ունենա այն խնդիրը, որը ես ունեի մանուկ հասակում։ Եվ լծվեցի գործի»,- պատմում է Արփինեն։
Արենիի համայնքապետարանը բնակավայրի մշակույթի տան առաջին հարկը վարձակալությամբ տրամադրեց Արփինեին, որպեսզի այնտեղ գործի արհեստանոցը։ Առաջին հարկը լքված էր, վաղուց չէր նորոգվել։ Արփինեն ներկեց պատերը, իրենց տնից աթոռներ տարավ, որոշ իրեր գնեց, որոշ իրեր էլ մտերիմները տրամադրեցին։ 2019-ի նոյեմբերին արհեստանոցը բացվեց, եւ հենց առաջին ամսում Արփինեն արդեն 50 աշակերտ ուներ։ Նա կավագործություն, նկարչություն, հելյունագործություն էր դասավանդում երեխաներին։
«Որոշ ժամանակ անց բատիկա (նկարչություն գործվածքի վրա) եւ մենթալ թվաբանություն դասավանդող մասնագետները ցանկություն հայտնեցին արհեստանոցում նոր խմբակներ բացելու։ Ես, իհարկե, շատ ուրախացա։ Այդ խմբակներն էլ ավելացան»,- ասում է Արփինեն։
Ժամանակի ընթացքում ոչ միայն երեխաները, այլեւ Արենիի երիտասարդները սկսեցին հավաքվել այստեղ․ մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր են կազմակերպում։ Արհեստանոցն Արենիում դարձել է մշակութային յուրօրինակ կենտրոն։
11-ամյա Լիլիան հիշում է՝ երբ 2019-ին արհեստանոցը բացվեց, շատ ուրախացավ․ վերջապես նկարչության դասերի հաճախելու հնարավորություն ընձեռվեց։ Հիմա արդեն մենթալ թվաբանության դասերի է հաճախում։
«2020-ի հուլիսին մասնակցեցի նկարչական մրցույթի եւ խրախուսական մրցանակ ստացա։ Ի դեպ, մեր խմբակներից զատ՝ արհեստանոցը մեզ համար նաեւ հիանալի ժամանցի վայր է․ երբեմն հավաքվում ենք մուլտ կամ ֆիլմ դիտելու։ Արհեստանոցն ինձ եւ ընկերներիս համար մի վայր է, որտեղ յուրաքանչյուրս կարող ենք ժամանակ անցկացնել եւ նոր գիտելիքներ ստանալ»,- ասում է Լիլիան։
Արհեստանոցի հիմնադրումից մեկ տարի անց Արփինեն դրամաշնորհային ծրագրերին դիմելու համար գաղափարներ ու ծրագրեր մշակեց․ առաջին ծրագիրը «Իմ Հայաստան»-ն էր, որին մասնակցեց ու դրամաշնորհ շահեց։ Հետո այլ դրամաշնորհային ծրագրերի էլ մասնակցեց ու հաղթեց․ արհեստանոցին գույք նվիրեցին, տարածքը հիմնանորոգվեց։
Հետո Արփինեն իր աշակերտներին սովորեցրեց ինչպես կարելի է գրանցվել դասընթացների, դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու համար հայտեր ներկայացնել։ Որոշ ժամանակ անց երեխաներից մի քանիսը դրամաշնորհներ ստացան․ արհեստանոցում աղբի տեսակավորման տարաներ տեղադրվեցին, հարակից այգին բարեկարգվեց։
Քանի որ Արենիում տարվա բոլոր ամիսներին զբոսաշրջիկնր են լինում, Արփինեն որոշել է նրանց էլ անմասն չթողնել արհեստանոցի եռուզեռից։ Երեկոյան զբոսաշրջիկների համար կավագործության վարպետաց դասընթաց է անցկացնում, ասում է՝ նրանց կավագործությունը շատ է հետաքրքրում, սիրով տարբեր իրեր են պատրաստում․ ոմանք հյուրատներում մնալուն զուգընթաց ամեն օր մի քանի ժամ հաճախում են կավագործության դասերի։
«Այս ամենից զատ՝ նաեւ պատվերներ եմ ստանում, կավե իրեր եմ պատրաստում, զբաղվում դրանց վաճառքով։ Իմ օրն արհեստանոցում է անցնում։ Մեր գյուղ եկող հյուրերը, այդ թվում արտերկրից, սովորաբար նաեւ արհեստանոց են գալիս։ Գյուղի երիտասարդներն էլ երեկոյան զբոսնելիս անպայման գալիս են արհեստանոց, հետեւում են աշխատանքիս, զրուցում ենք, միջոցառումների վերավերյալ քննարկումներ անում․․․»,- պատմում է Արփինեն։
Սահմանապահ Արենիում 44-օրյա պատերազմի օրերին էլ արհեստանոցը բաց էր․ մեծ ու փոքր հավաքվում էին, պաշտպանիչ ցանցեր գործում։ Այդ օրերին կրակոցներ էին լսվում նաեւ Արենիում․ ոմանք սահմանին էին, ոմանք էլ թիկունքում էին իրենց բաժին պայքարը մղում։
Արփինեն վերջին տարիներին արտասահմանյան երկրներ է մեկնել՝ վարպետաց դասերի, բայց միշտ վերադառնում է Արենի։ Նա վստահ է՝ուժեղ պետություն կերտելու համար սահմանը պետք է ուժեղացնել։ Սահմանային բնակավայրերից չպետք է հեռանալ, հարկավոր է մնալ, շենացնել, մեծ ու փոքրով ամուր պահել սահմանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։