Երկակիությունը Իրանում տարածվում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներով՝ կենսաձև, հագուկապ, անգամ երեխայի անվան որոշում: Հասարակական ընկալման մեջ մարդիկ բաժանվում են կրոնավոր և աշխարհիկ խմբերի: Մշակույթը ևս ունի ֆորմալ և ոչ ֆորմալ, թույլատրված և ոչ թույլատրված դրսևորումներ: Ընտանեկան, ազգակցական կապերը, զույգերի հարաբերություններն ու սեռականությունը, կրոնի հանդեպ վերաբերմունքն ու միջսերնդային կապը՝ բոլորն ունեն աշխարհիկ և կրոնական դրսևորումներ: Այս համատեքստում, հասարակության շարժիչ ուժերն էլ է կարելի բաժանել երկու խմբի: Առաջինը արդիականացման, որոշակի ազատականացման, քաղաքացիական հասարակության ձևավորող ուժերն են՝ «բարեփոխման կողմնակիցները»: Մյուս, գերիշխող խումբը իսլամական համակարգի պահպանման կողմնակիցներն են, որոնք ընդդիմանում են ազատականացման ցանկացած գաղափարի՝ այդպիսիք համարելով Արևմուտքի կողմից ներմուծված, իրանական հասարակության հիմքերը խարխլող ազդեցություններ: