Տարածաշրջանում Իրանի ակտիվացումը սկսել է անհանգստություն պատճառել Թուրքիային եւ Ադրբեջանին, հատկապես Իրանի ղեկավարության վերջին հայտարարություններից ու Փաշինյանի՝ Իրան կատարած այցից հետո։
Ինչպես նախորդ գրառումներից մեկում նշել էինք, թուրքական մամուլում անուղղակիորեն սպառնալիք էր ներկայացվել Իրանին, թե Հայաստանին պաշտպանելու եւ հակաադրբեջանական քայլեր ձեռնարկելու դեպքում Թուրքիա-Իրան հարաբերությունները չեն կարող չտուժել։ Այժմ ակնհայտ է, որ Իրանի դեմ թուրքական մամուլին բնորոշ արշավն արդեն սկսվել է։
Milliyet պարբերականի հոդվածագիր Թունջա Բենգինի վերջին հոդվածը վերնագրված է «Իրանի հիվանդագին սերը Հայաստանի նկատմամբ»։ «Հիվանդագին» բառի կիրառումը հեղինակն արդարացնում է մի քանի փաստարկով․
- «Շաբաթներ շարունակ երկրի ներսում չի կարողանում ճնշել փողոցային բողոքի ակցիաները, բայց հասցնում է հարեւան երկրների ուղղությամբ ապակայունացնող ու վնասակար քայլեր ձեռնարկել»։ Այստեղ օրինակ է բերում օրերս Ադրբեջանի մամուլում տարածված լուրը, ըստ որի՝ Բաքվում հայտնաբերվել էր Իրանի հատուկ ծառայությունների հսկողության տակ գործող զինված խումբ։
- «Անտրամաբանական է, որ Իրանը, փոխանակ աջակցի մուսուլման Ադրբեջանին, աջակցում է քրիստոնյա Հայաստանին»։
- «Անտրամաբանական է, որ «իրավացիորեն» պայքարած Ադրբեջանին Իրանը չի աջակցում։ Ու պատճառը մեկն է․ Իրանը վախենում է տարածաշրջանում ուժեղ Ադրբեջանի, հետեւապես, ողջ Կովկասում ուժեղ Թուրքիայի առկայությունից»։
Հոդվածագրի կարծիքով Իրանը նաեւ վախ ունի իր երկրում ապրող «թուրք» բնակիչներից (նկատի ունենալով հյուսիսային շրջաններում բնակվող ազերիներին), եւ հավելում է, որ Իրանում բնակվող թուրքերի «թուրքական ինքնությունն» առաջին պլան է եկել այն պատճառով, որ Իրանը մշտապես աջակցել է Հայաստանին։
«Հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի գնար ու այն շրջաններում, որոնք խիտ բնակեցված են ազերիներով, սկսեր զորավարժություններ անցկացնել, ինչո՞ւ պիտի Արաքս գետի վրա կամուրջ կառուցեր, կապող ճանապարհներն ու բլուրները փորձեր իր ձեռքը վերցնել։ Պարզ է, որ Իրանի նպատակն այլ է»,- նշում է Բենգինը։
«Դեռեւս 90-ականներին Իրանը մտել էր անկախ Ադրբեջանի տարածք, խորացել մոտ 10-12 կմ ու փորձելով այս տարածքը վերցնել իր վերահսկողության տակ՝ անխոհեմորեն իր դրոշն էր այնտեղ բարձրացրել»։
Ընդհանրացնելով՝ հեղինակը ցանկանում է ընդգծել, որ Իրանի «հիվանդագին սերը» Հայաստանի նկատմամբ կապված է ոչ թե Հայաստանի հետ, այլ նպատակ ունի տարածաշրջանում Ադբրեջանին դնելու վատ դրության մեջ եւ թուլացնելու․ «Կարճ ասած՝ Իրանի ամենամեծ վախը հզոր Ադրբեջանն է։ Իսկ դրան խոչընդոտելու համար Իրանը պատրաստ է ցանկացած քայլի»։
«Բայց մի բան Իրանն աչքաթող է անում․ Ադրբեջան-Հայաստան վերջին պատերազմից առաջ գոյություն ունեցող Ադրբեջանի ու այսօրվա Ադրբեջանի միջեւ ահռելի տարբերություն կա»։
Որպես ամփոփում հեղինակը նշում է, որ այսօրվա Ադրբեջանը շատ ավելի ուժեղ է թե՛ տնտեսապես, թե՛ բարոյահոգեբանական ու ռազմական տեսանկյուններից․ «Թուրքիայի հետ ինտեգրված մի Ադրբեջան գոյություն ունի այսօր։ Հետեւապես Իրանն իր ծրագրած ամեն քայլն անելուց առաջ պետք է մի քանի անգամ լավ մտածի ու երեւակայական աշխարհից վերադառնա իրականություն»։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը