Շարմ-էլ-Շեյխում նոյեմբերի 6-ին մեկնարկած Կլիմայի փոփոխությունների հարցով ՄԱԿ համաժողովը գրանցել է առաջին խոշոր հաջողությունը։ Բանակցություններով հնարավոր է եղել առանձին կետով օրակարգային դարձնել չքավոր պետություններին՝ կլիմայի համընդհանուր փոփոխությունների հետեւանքով կրած վնասների եւ կորուստների փոխհատուցման համար ֆինանսական հատկացումների հարցը։ Ըստ նախագահող Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի՝ դա ցույց է տալիս, որ աշխարհը համերաշխ է եւ կարեկից կլիմայական աղետների զոհերին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կլիմայի համընդհանուր փոփոխությունների դեմ պայքարի եւ մարդկությանը գլոբալ տաքացման ընտելացման միջոցառումներին։ Զարգացած երկրները խոստացել են զարգացող երկրներին մշտական հիմունքներով ֆինանսական օգնություն տրամադրել այդ հարցերը կարգավորելու համար։ Զարգացող երկրները սակայն պահանջում են ավելի շատ ֆինանսական հատկացումներ՝ պատճառաբանելով, որ կլիմայի համընդհանուր փոփոխությունների հետեւանքներն իրենց վրա շատ ավելի են զգացվում, քան արդյունաբերապես զարգացած երկրների վրա։
Ֆինանսական օգնության հատկացման հարցը վերջին երեսուն տարում մշտապես քննարկվել է ՄԱԿ Կլիմայի փոփոխության հարցերով համաժողովում, սակայն զրոյական կետից չի շարժվել, քանի որ զարգացած մի շարք երկրներ, օրինակ Միացյալ Նահանգները, արգելափակել են այն՝ մտավախություն ունենալով, որ ստիպված կլինեն հավելյալ ֆինանսական վճարումներ կատարել։
ՄԱԿ Կլիմայի փոփոխությունների հարցով համաժողովը կավարտվի նոյեմբերի 18-ին։ Համաժողովին մասնակցում է աշխարհի ավելի քան 190 երկիր։
Պատրաստեց Արման Գրիգորյանը