ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաեւ համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ եւ արձանագրել, որ դեռեւս կան հասցեագրման կարիք ունեցող մի շարք խնդիրներ: Երկուստեք վերահաստատվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները:
Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են թափ հաղորդել բանակցություններին եւ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել եւս մեկ հանդիպում։
Երկու նախարարներն էլ երախտագիտություն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները հյուրընկալելու համար։