National Geographic պարբերականն անդրադարձել է Expper Technologies հայկական ընկերության ստեղծած Robin the Robot սոցիալական ռոբոտին՝ այն անվանելով «Robot Doc»։ Պարբերականում նշվում է, որ հիվանդանոցում բուժում ստացող երեխաների համար օրերը կարող են երկար եւ ձանձրալի թվալ: Ահա թե ինչու է նախագծվել Robin the Robot-ը: Robin-ը ընդունակ է կատակներ անելու, խաղեր խաղալու եւ մանկական հիվանդասենյակներում երեխաների հարցերին պատասխանելու:
«Մոտավորապես 8-ամյա Robin-ը արհեստական ինտելեկտի միջոցով վերլուծում է դիմախաղն ու խոսքը՝ երեխաների տրամադրությանն ու խոսքերին արձագանքելու համար: Ռոբոտը անգնահատելի օգնություն էր տրամադրում ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ընթացքում, երբ ընտանիքի անդամներն ու ընկերները չէին կարող այցելել հիվանդանոցի պատանի խնամյալներին»,- ասված է National Geographic-ի անդրադարձում։
Robin the Robot-ը ճանաչվել է TIME-ի 2021 թվականի լավագույն գյուտ «Ռոբոտաշինություն» անվանակարգում: Նույն տարում Robin-ը Innovation by Design Awards-ի (Դիզայնի նորարարության մրցանակաբաշխության) Impact անվանակարգում արժանացել է նաեւ Fast Company գործարար հանդեսի հատուկ մրցանակին: