Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի «Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային տնտեսական կանխատեսման» (ME&CA)՝ Իրանը Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում ամենաքիչ արտաքին պարտք ունեցող երկիրն է։
Իրանի արտաքին պարտքը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 0,5%-ը, նշված տարածաշրջանի համար՝ հանրագումարային ՀՆԱ-ի 35,8%-ը, նավթ արտահանող երկրների համար՝ 30,9%-ը։
Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շարքում ամենաշատ արտաքին պարտքն ունի Բահրեյնը։ Այն ընթացիկ տարում կազմում է այդ երկրի ազգային ՀՆԱ-ի 207,3%-ը։ Սուդանը երկրորդ տեղում է՝ ՀՆԱ-ի 189,4% արտաքին պարտքով։ Երրորդ տեղում Քաթարն է, որի արտաքին պարտքը ՀՆԱ-ի 134%-ն է։
ԻՐՆԱ գործակալության տվյալներով՝ Իրանն աշխարհում ազգային ՀՆԱ-ի հարաբերակցությամբ ամենաքիչ արտաքին պարտք ունեցող երկրների շարքում գրավում է 7-րդ տեղը։
Ըստ Tasnim գործակալության՝ իրանական օրացույցի 5-րդ ամսվա վերջի դրությամբ, որը համապատասխանում է եվրոպական օրացույցի օգոստոսի 22-ին, Իրանի պետական լիկվիդայնությունը կազմել է 54,01 կվադրիլիոն ռիալ կամ 186,6 միլիարդ դոլար, ինչը 37,8%-ով ավելին է 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը