Նոյեմբերի 9-13-ը Երեւանում կանցկացվի «Արտդոկֆեստի արձագանքը»՝ վավերագրական կինոյի հիմնական փառատոներից մեկը հետխորհրդային տարածաշրջանում:
«Արտդոկֆեստը» գործում է արդեն տասնհինգ տարի։ Այն դարձել է մասնագիտական եւ հանրային երկխոսության կարեւորագույն հարթակ:
2014 թվականից Ռուսաստանում «Արտդոկֆեստի» նկատմամբ ճնշումներ էին կիրառում պետական եւ պետական կառույցների հետ սերտորեն կապված կազմակերպությունները. սադրիչներ էին հայտնվում ցուցադրումների ժամանակ, որոշ ֆիլմեր ծրագրից հանվեցին քաղաքական գրաքննության պատճառով: Չնայած դրան՝ փառատոնն աճեց, ծրագրերն ընդլայնվեցին եւ ավելի բազմազան դարձան:
2018 թվականից ի վեր մրցույթը տեղափոխեցին Ռիգա, բայց փառատոնի թիմի սկզբունքային դիրքորոշումն էր լիակատար ցուցադրումներ ապահովել Ռուսաստանում:
«Արտդոկֆեստը» վավերագրական կինոյի իրական տոն էր: Շատ սկսնակ վավերագրողների համար այն դարձավ ցատկ՝ ծրագրերից մեկում ընդգրկվելու կամ առաջին անգամ ֆիլմը մեծ էկրանին ցուցադրելու հնարավորությամբ:
Փառատոնի շրջանակում կազմակերպվել են փորձի փոխանակման եւ մեթոդական քննարկումներ: Բայց, ամենակարեւորը, փառատոնում հնարավոր էր տեսնել ժամանակակից վավերագրական կինոյի լայն պատկերը, խոսել վավերագրական կինոյի եւ այսօրվա իրականության մասին, ինչն այն արտացոլում էր:
Տարեցտարի փառատոնն ավելի էր ընկղմվում ժամանակի ոգու մեջ, ինչը հատկապես կարեւոր էր հեռուստատեսության եւ պաշտոնական լրագրության դեգրադացիայի պայմաններում:
«Արտդոկֆեստը» մի տեսակ քննություն է, որը ցույց է տալիս, թե որքանով է հասարակությունը պատրաստ ընկալելու իրականությունը, հայելու մեջ տեսնելու իրեն եւ շրջապատող աշխարհը:
2022-ին սա հատկապես կարեւոր էր ե՛ւ հասարակության այն հատվածի համար, որը հայրենի երկրից դուրս էր, ե՛ւ նրանց համար, ովքեր մնացել են Ռուսաստանում: Բայց մարտի 31-ին Մոսկվայում փառատոնի բացումը տապալվեց, որից հետո տնօրենությունը որոշեց, որ ներկա պայմաններում Ռուսաստանի կինոթատրոններում ցուցադրումներն անհնար են: Միեւնույն ժամանակ ավելի էր աճում Ռուսաստանից դուրս «Արտդոկֆեստի» կազմակերպման անհրաժեշտությունը:
«Արտդոկֆեստի արձագանքը» Երեւանում փառատոնի պրոդյուսեր Մարինա Կուլապինան ասում է. «Ես ժամանեցի Հայաստան գարնանը եւ հասկացա, որ մի կողմից՝ այստեղ կար շարժում, մյուս կողմից՝ պակասում էր կինոն: Ես վրդովված էի Մոսկվայում փառատոնի տապալումից եւ մտածեցի. «Ինչո՞ւ չկազմակերպել ցուցադրումներն այստեղ»: Կապվեցի «Արտդոկֆեստի» եւ Վիտալի Մանսկիի հետ, զուգահեռաբար ծանոթացա «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» եւ Մանանա Ասլամազյանի հետ:
Դրանից հետո ամեն ինչ արագ ընթացավ: Կազմակերպման հարցերում Մանանան շատ օգնեց: Օգոստոսի 31-ին կյանքից նրա հանկարծակի հեռանալը մեզ համար մեծ ողբերգություն էր, եւ մենք որոշեցինք «Արձագանքը» նվիրել նրա հիշատակին»:
Փառատոնը ձեւավորում է միջավայր եւ ազդում քաղաքի մշակութային կյանքի վրա:
Նույնիսկ ամենուր փակցված պաստառները ոչ միայն տեղեկատվական են, այլեւ հիշեցնում են, որ վավերագրական կինոն գոյություն ունի, որ այն արդիական է եւ նորաձեւ: Մեծ նշանակություն ունի նաեւ տարբեր մշակութային հաստատությունների հետ շփումը:
«Մեզ մեծապես աջակցել են ՆՓԱԿ-ն ու կինոյի տունը (ցուցադրման հարթակներ տրամադրելով),- շարունակում է Մարինան,- «Ոսկե Ծիրանի» թիմը շատ է օգնել հաղորդակցության եւ տեղական կինեմատոգրաֆիական համայնքի հետ կապերի առումով»:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» նույնպես մեծ աջակցություն է ցուցաբերել: Իսկ «Մամա ջան» գեղեցիկ սրճարանում կանցկացվեն «Արտդոկ-նախաճաշեր»՝ հանդիպումներ ֆիլմերի հեղինակների հետ:
Մենք տեղական վավերագրողների համայնքի հետ երկխոսության կարիք ունենք:
Նոյեմբերի 11-ին Կինոյի տանը հանրային քննարկումներ կընթանան Վիտալի Մանսկիի հետ: Վիտալին շատ է ցանկանում հանդիպել եւ զրուցել հայ կինոգործիչների եւ վավերագրողների հետ:
Առայժմ փառատոնի կայքում կան միայն ֆիլմերի պաստառները:
Նախատեսվում են նաեւ հանդիպումներ, որոնց մուտքն անվճար կլինի: Գրաֆիկը կարող եք տեսնել «Արտդոկֆեստի արձագանքը» Երեւանում Facebook-ի էջում:
Փառատոնը կբացվի Վիտալի Մանսկիի «Գորբաչով. Դրախտ» ֆիլմով: Սա այն դեպքն է, երբ ֆիլմը կարեւոր է դիտել մեծ էկրանին: Բավականին հակասական ֆիլմ է. միեւնույն ժամանակ զուսպ, խիստ եւ հուզական: Հեղինակը փորձում է Գորբաչովին նայել որպես մոլորակի մասշտաբի պատմական գործչի եւ առավելագույնս որպես մասնավոր անձի: Այս երկակիության մեջ է ֆիլմի մոգականության մի մասը: Գորբաչովի անհատականությունը մեկ շողում է որպես միայնակ ծերունի, որին թոռները չեն այցելում, մեկ որպես տիտան, որը մարտահրավեր էր նետել իր շրջապատին, մեկ որպես խորաթափանց քաղաքական գործիչ, ով հասկանում էր, որ առանց փոփոխությունների երկրում հնարավոր չէ իշխանություն պահել եւ հարմարվում էր այդ փոփոխություններին:
Ֆիլմը շատ նուրբ հարցեր է շոշափում, բայց Մանսկիի որոշ քայլեր չափազանց շիտակ են:
Գորբաչովի հետ զրույցի ֆոնին հեռուստացույցով երեւում է Պուտինը (Գորբաչովը, սա տեսնելով, կատակում է. «Նա հետեւո՞ւմ է մեզ»): Տպավորություն է ստեղծվում, որ Պուտինը մշտապես նրա կյանքի ֆոնին է, բայց դա այդպես չէ:
Առավել կարեւոր եւ ավելի օրգանական է կնոջ հետ չընդհատված զրույցը, բաժանման ցավը (նա մահացել է ավելի քան քսան տարի առաջ), որը ֆիլմի ամենաուժեղ զգացումն է եւ մասամբ բացատրում է ֆիլմի անունը. առանց կնոջ կյանքն իմաստազրկվել է, սա դժոխք է։ Դրախտ են նրա մասին հիշողությունները, ինչպես նրա անունը: Գորբաչովը կարդում է բանաստեղծություններ եւ երգում է ուկրաիներեն, որն այսօր հատկապես սուր է հնչում:
Ծրագրի հետաքրքիր ֆիլմերից է Վլադիմիր Կոզլովի «Կունաշիրը»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խորհրդային դարձած կղզու կյանքի մասին:
Սա պարզ, հանգիստ կյանքի նկարագրություն է, որի անշտապ եւ աչքի չընկնող առօրյայում հատուկ սրությամբ բացահայտվում են փլուզման ողբերգությունը եւ կղզուն համակած խելագարությունը. կղզին ապագա չունի, բոլորն ապրում են անցյալով, ինչ-որ մեկը փորում է ճապոնական քաղաքակրթության բեկորները, ինչ-որ մեկը կրկին ու կրկին նշում է կղզու նվաճումը, հագնում է յոթանասուն տարվա վաղեմության զգեստներ եւ ներկայացնում Կունաշիրի ճակատամարտը, իսկ ինչ-որ մեկն էլ տասնամյակներ շարունակ չի կարողանում լուծել զուգարան կառուցելու հարցը: Աշխարհի մնացած մասի հետ կապն ապահովում են ճապոնացիների նվիրաբերած «Հույս» եւ «Բարեկամություն» երկու նավերը՝ որպես հենց այդ բարեկամության եւ հույսի խորհրդանշան:
Ծրագրում տասը ֆիլմ է ընդգրկված: Հենց այս կազմով ընտրված՝ նրանք առաջացնում են մի տեսակ այրող ու անհույս կարոտի զգացում: Միգուցե առանձին վերցրած ֆիլմերն արդարացի են, բայց միասին՝ ոչ: Սա Ռուսաստանի փլուզման տարեգրությունն է, եւ խոսքն այն մասին չէ, որ դժվար է ընդունել նման փլուզումը, այլ այն, որ ֆիլմը դառնում է միակողմանի եւ, որպես հետեւանք, աղավաղված:
Որոշ ֆիլմեր չափազանց գաղափարամետ են
Ռուսլան Ֆեդոտովի «Ո՞ւր ենք գնում» ֆիլմը բաղկացած է Մոսկվայի մետրոյի կյանքի անեկդոտային, ծաղրանկարային դրվագներից, ինչպես նաեւ բռնության տեսարաններից: Բայց սրանք չափազանց ընտրողական դիտարկումներ են: Հայեցակարգը հեղինակին ստիպում է չնկատել այն, ինչը չի տեղավորվում մի սխեմայում, որը ֆիլմը դարձնում է տրաֆարետային:
Սվետլանա Ստասենկոյի «Jumping-off place» (Տեղից ցատկող) ֆիլմն ավելի շուտ զվարճալի հաղորդում է տաճարներում զինծառայողների օծման վերաբերյալ: Ֆիլմի երգիծական թախիծը հասկանալի է առաջին իսկ դրվագներից, բայց այդ բովանդակությունը բավարար չէ 36 րոպեի համար:
Նիկիտա Եֆիմովի «Ջոկատի ղեկավարը» ֆիլմը զվարճալի ընդունման մասին է: Այս ընդունումը շատ սահմանափակ է. մենք հասկանում ենք, որ գաղութում կատարվածի մասին ճշմարտությունը թաքնված է, հեղինակը չի կարող այն բացահայտել:
Վիտալի Ակիմովի «Տղան»՝ Ռուսաստանի մասին բնորոշ դոկումենտալ ֆիլմը, նույնպես հիանալի տեղավորվում է դեգրադացիայի ֆոնին. սեւ-սպիտակ, թեթեւակի կեղտոտ պատկեր, գյուղի լքվածություն, անապաստան երեխա, ալկոհոլիզմ: Ֆիլմում ցնցող տեսարան կա՝ լճում լողացող տղան: Եթե միայն այդ տեսարանը մնար, ֆիլմը մոտ կլիներ հանճարեղին:
Մարիա Ֆալեեւայի եւ Ալեքսանդրա Մատվեեւայի «164880» ֆիլմը կենդանի էսքիզներ են Սպիտակ ծովի ափին գտնվող դատարկվող գյուղի կյանքից: Չվհատվող ուսուցիչը աշխարհագրություն է դասավանդում դասարանի միակ աշակերտուհուն եւ ուրախանում է միջանցքով վազող մկնիկին տեսնելիս: Ֆիլմը լավ է նկարահանված եւ կարծես ոգի է ստանում երաժշտությամբ:
Տխուր երկրի վրայով թռչում է ֆեմինիզմի ստվերը: Դարյա Սլյուսարենկոյի «Ջոյ» ֆիլմը կրկեսային թատերախմբի կյանքի ցայտուն ընկճվածության մասին է: Ֆիլմը հետաքրքիր է նրանով, որ կարող է դոկումենտալիզմի դասագիրք լինել. այստեղ հստակ երեւում է, թե ինչպես է ֆիլմը վերափոխվում, երբ դրանում կին ծաղրածուի պայծառ կերպարն է հայտնվում, որը չկար սկզբի տեսարաններում:
Տղամարդուն հետեւելուց հերոսուհու հրաժարվելը կարելի է դիտարկել որպես փորձ, սակայն ֆիլմի մեծ մասն արտացոլում է նույն քայքայումը, ագրեսիան եւ անհուսությունը:
Ռենատո Բորրայո Սերրանոյի «Իվաննա Յապտունեի կյանքը» նույնպես ծանր հանգամանքներում ուժեղ կնոջ մասին է:
Առաջին դրվագները, որ ցույց են տալիս, թե ինչպես է ընտանիքը գոյատեւում ձյան ու քամու մեջ գտնվող փոքրիկ յուրդի տարածքում, հիանալի են: Ֆիլմում շատ կան երեխաների հետ աշխույժ դիտարկումներ: Բայց երբ հերոսուհին հանդիպում է ամուսնու հետ, ամեն ինչ քիչ թե շատ կանխատեսելի ընթացք է ստանում, եւ էկրանային ութսուն րոպե ժամանակահատվածի համար չկան բավարար գործողություններ եւ իրադարձություններ: Տպավորիչ է նախկին կացարանի կմախքի հետ հրաժեշտի վերջին տեսարանը:
«Ծրագիրը հիմնականում ռուսական է,- ասում է Մարինա Կուլապինան,- քանի որ սա արդեն անցած փառատոնի արձագանքն է, մենք ցուցադրում ենք վերջին երեք տարվա ընտրված ֆիլմերը:
Այժմ ընտրվում են ֆիլմեր հաջորդ «Արտդոկֆեստի» ծրագրում ընդգրկելու համար, եւ հայ վավերագրողները կարող են դիմումներ ուղարկել այստեղ:
Վստահ եմ, որ Հայաստանում կան ուժեղ վավերագրական ֆիլմեր ստեղծողներ, որոնց մասին մենք պարզապես դեռ չգիտենք: Մարինան հույս ունի՝ ««Արտդոկֆեստի արձագանքը» կդառնա ծանոթության հարթակ»:
Յուրի Միխայլին
Թարգմանեց Կարինե Դավոյանը