Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախատեսում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի որոշ բնակավայրերի բնակիչներին: Բնակավայրի որոշ տնտեսությունների վնասված ջրատաքացուցիչներն էլ կփոխարինվեն նորով։
Կարմիր խաչի Իջեւանի ենթապատվիրակության ղեկավար Դի Ֆրանչեսկանտոնիոյին եւ նույն պատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին նոյեմբերի 9-ին ներկայացվել են ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը եւ անվտանգային խնդիրները։
Քննարկման փուլում են երկու բնակավայրի համար շարժական բուժկետ տրամադրելու, բնակավայրերի վնասված ջրագծերի վերականգնման նպատակով նախագծային աշխատանքները ֆինանսավորելու, արտակարգ իրավիճակների մասնագետների վերապատրաստման ծրագրերը։
Մարզի հրետակոծությունից տուժած բնակավայրերում այժմ աշխատում են նաեւ ԵՄ առաքելության դիտորդական եւ փաստահավաք խմբերը: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ նրանց ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում։