Ըստ «Վյորստկա» պարբերականի՝ Կրեմլի վարչակազմը պետական լրատվամիջոցներին ցուցում է տվել քիչ մեջբերումներ կատարել Պետդումայի այն պատգամավորներից, որոնք արտահայտվում են պատերազմական թեմաներով՝ այդ թվում նաեւ քննադատություններ հնչեցնելով զինվորական հրամանատարության մասին։
Նշված «ստոպ-լիստում» հայտնվել են Պետդումայի Պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը, գեներալական ուսադիրներ ունեցող պատգամավորներ Անդրեյ Գուրուլեւը, Վիկտոր Զավարզինը, Անդրեյ Կրասովը, Պետդումայի՝ Կանանց հարցերով կոմիտեի նախագահ Նինա Օստանինան։
Նշված պատգամավորներից մեկնաբանություններ վերցնել կարող են միայն լրատվական գործակալությունները։ Ընդ որում՝ նրանց խոսքի ծավալը կարող է լինել ոչ մեծ՝ ըստ օրվա լրահոսի պահանջի։ Ցուցումը պետական լրատվամիջոցներին ուղարկվել է Կրեմլի՝ Հանրային նախագծերի վարչությունից, որը ղեկավարում է Սերգեյ Նովիկովը։
Ցուցումները ստացել են «Ռոսիա սեգոդնյա», «Ռոսիյսկայա գազետա», «ՎԳՏՌԿ» եւ այլ խոշոր լրատվամիջոցներ, որոնք ձեւականորեն չեն պատկանում պետությանը, սակայն Կրեմլի աչալուրջ հսկողության տակ են։ Կրեմլում այս պատգամավորներին համարում են «տոքսիկ»՝ պատերազմի ընթացքի, մասնակի զորահավաքի եւ ռազմաճակատի ապահովման հարցերով բավականին քննադատական հայտարարությունների պատճառով։
Սա իր հերթին ռուսական մեդիադաշտին քաջատեղյակ մասնագետները բացատրում են այն հանգամանքով, որ փետրվարին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, միանգամից չի մշակվել տեղեկատվական ռազմավարություն, եւ ռուսական քաղաքական-պետական համակարգի վերին էշելոններում գտնվողները պարզապես չեն իմացել, թե իրենց ինչ է կարելի խոսել, եւ ինչ՝ ոչ, կամ թե որ թեմաներով կարող են խոսել առհասարակ։
Կրեմլում կարծում են, որ այս իրավիճակում հնչած քննադատությունները վնասել են դաշնային իշխանություններին, եւ հասարակությունը սկսել է շատ սուր արձագանքել մամուլում հայտնված մեկնաբանություններին՝ առանց խորամուխ լինելու, թե ով ինչ է ասել։ Մինչդեռ, ըստ Կրեմլի աշխատակազմի, շատ հարցերի մասին սուր մեկնաբանությունները պարզապես դրանք հնչեցնողների գործը չեն եղել։ Չի բացառվում, որ ապագայում այդ «տոքսիկ պատգամավորների» ցանկն ավելանա։
Պատրաստեց Արման Գրիգորյանը