Կառավարությունը վերանայել է ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների գործող կարգավորումները` ոլորտի կառավարումը հանձնելով մասնավոր կազմակերպություններին։
Ըստ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» գործող օրենքի՝ օպերատորը 100% համայնքային կազմակերպություն է, իսկ երթուղիների սպասարկման իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով: Սակայն հայտերի բացակայության պատճառով մրցույթները տեղի չեն ունենում, եւ համայնքները մնում են առանց տրասնպորտային սպասարկման։
Խնդրի լուծման համար առաջարկվել է գործող օրենքում ներհամայնքային երթուղիների սպասարկման ընտրությունը կատարել ոչ միայն մրցույթով, այլեւ գնման ընթացակարգով։ Ըստ որոշման նախագծի՝ այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու 1 կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը՝ ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված մեկ ուղեւորի տեղափոխման արժեքի։
Նոր օրենքով` անկախ փոխադրված ուղեւորների քանակից ուղեւորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե եւ փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման շրջանակում սահմանված վճարը: Պայմանագիրը կնքվելու է 5-10 տարի ժամկետով, տրանսպորտային միջոցների տարիքը չպիտի գերազանցի 10 տարին։
Առաջարկվել է կանոնակարգել նաեւ ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների սպասարկման պահանջը եւ նման իրավունք վերապահել ցանկացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ։ Ենթադրվում է, որ օրենքի ընդունման դեպքում այն կտարածվի ոչ միայն մարզային, այլեւ երեւանյան տրանսպորտի վրա։