Հնդկաստանը Հայաստանին սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ ATAGS-ի խոցման հեռահարությունը 48 կմ է։ Ըստ The Hindu պարբերականի` պատվերը ստացել է Kalyani Strategic Systems Ltd մասնավոր ընկերությունը, որը Bharat Forge Ltd ընկերության դուստր ձեռնարկությունն է։
Հաուբիցները կմատակարարվեն Հնդկաստանի Atmanirbhar Bharat պետական ծրագրով՝ Հնդկաստանի՝ սեփական արտադրության առաջադեմ ռազմական հարթակների արտահանումը խթանելու նախաձեռնության շրջանակում:
Հնդկաստանի պատմության մեջ սա այս տեսակի հրետանային համակարգերի արտահանման առաջին դեպքն է։ Պայմանագրի գումարը 150 միլիոն դոլար է, գործարքն իրականացվելու է երեք տարվա ընթացքում։
Սա երկու երկրների միջեւ պաշտպանական ոլորտում երկրորդ գործարքն է։ Ավելի վաղ հնդկական Solar Group ընկերությունը հայտնել էր Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գնման համաձայնագիր ստորագրելու մասին։ Այս համակարգերի առաջին գնորդը եւս կլինի Հայաստանը։
Պայմանագրերի շրջանակում խոսվում էր նաեւ ռուսական-խորհրդային մոդելի «Կոնկուրս» հակատանկային հրթիռների գնման մասին, որոնք արտադրվում են Հնդկաստանում՝ հավաստագրով։ Մինչ այդ հնդկական TheEconomic Times պարբերականը նշում էր, որ խոսքը 260 միլիոն դոլարի սպառազինության մասին է։ Քննարկվում է նաեւ 80 մմ հրետանային կայանքների, արկերի եւ Akash ԶՀՀ–ների ձեռքբերման հարցը։