Ըստ Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) տնօրեն Մոհսեն Խոջասթե Մեհրի՝ Իսլամական Հանրապետությունը առանցքային կարեւորություն ունեցող «Սոհրաբ» նավթահանքը կշահագործի Իրաքի հետ համատեղ։ Նախագծի արժեքը մոտ 1 միլիարդ դոլար է։
Ընթացիկ տարվա փետրվարին NIOC-ը «Սոհրաբ» հանքավայրի շահագործման համար 800 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Dana Energy կապալառու ընկերության հետ։ Այս հանքավայրը հարավարեւմտյան Խուժիստան նահանգում է եւ պարունակում է մոտ 2 միլիարդ բարել հում նավթ։ Հանքավայրն ունի ընդհանուր ռեզերվուար իրաքյան «Հուվայզի» նավթահանքի հետ, որը պարունակում է 1 միլիարդ բարել նավթ։ Ըստ Dana Energy-ի հետ կնքված պայմանագրի՝ հանքավայրի շահագործման 20-ամյա ժամկետի ընթացքում արդյունահանման ընդհանուր ծավալը կլինի 160 միլիոն բարել նավթ։
Վերջին տարիներին Իրանն ակտիվացրել է այն նավթահանքերի շահագործումը, որոնք ընդհանուր են հարեւանների հետ։ Այս առումով Իսլամական Հանրապետությունը հատկապես ուշադրության կենտրոնում է պահում հարեւան Իրաքի հետ ունեցած ընդհանուր նավթահանքերի շահագործումը։ Իրաքը «Հույվայզի» հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները սկսել էր 2017 -ին։
Արագացվել են նաեւ իրաքյան կողմի հետ համատեղ նավթամբար ունեցող Ազադեղան հանքավայրի շահագործման աշխատանքները, որտեղ արդեն նավթն արդյունահանվում է 20 հանքահորերից։ Հոջասթե Մեհրը հավելել է, որ եւս 10 հանքահորեր Ազադեղանում շահագործման կհանձնվեն առաջիկա շաբաթների ընթացքում, ինչի արդյունքում Իրանի նավթի արդյունահանման ընդհանուր ծավալները օրական 3,8 միլիոն բարելից կհասցվեն մինչեւ 4 միլիոն բարելի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը