«Փողոցում նվագողը կամ երգողը ինչքա՞ն գումար է վաստակում, որ խոշոր տուգանքներ վճարի։ Երկրի բոլոր հարցերը լուծել են, հասել են փողոցում նվագողների՞ն։ Ի՞նչ անենք, թողնենք գնա՞նք այս երկրից։ Տուգանողներն իրենց գործողություններին հետեւե՞լ են․․․ Ես շարունակելու եմ նվագել։ Իմ ապրուստի միջոցը սա է»,- բարկացած ասում է կիթառահար Արթուրը։
Կառավարությունը հոկտեմբերի 13-ին չզեկուցվող հարցերի փաթեթով հավանության արժանացրեց ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է «կանոնակարգել մայրաքաղաքում եւ քաղաքային բնակավայրերի բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) ստեղծագործական, մշակութային (երաժշտական, գրական, պարային եւ այլն) գործունեություն իրականացնողների գործունեությունը»։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որեւէ սահմանափակման կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին եւ զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացումը, ինչպես նաեւ խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը»։ Նշված խնդիրը չի կանոնակարգվում որեւէ օրենքով կամ իրավական ակտով, հետեւաբար տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշել է մշակել այս նախագիծը։
Նախատեսված դրույթների ընդունմամբ փողոցում հնչող ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում մշակութային գործունեության իրականացման կարգը:
Երեւանի ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ անհերքելի է, որ երբեմն փողոցում հնչում է այնքան ցածրորակ երաժշտություն, որ տհաճ է լսելը։ Ըստ նրա՝ իսկապես անհրաժեշտ էր ունենալ օրենքի նախագիծ, որը կկարգավորի այս խնդիրը։
«Մի քանի անգամ Հյուսիսային պողոտայում ուշ ժամերին ինքս մոտեցել եմ երաժիշտներին, որպես Երեւանի ավագանու անդամ բացատրել, խնդրել եմ, որ ուշ ժամերին չխանգարեն բնակիչների անդորրը․ ոմանք ընդունել եմ իմ ասածը, ոմանք՝ ոչ։ Փողոցներում հնչող ստեղծագործությունների համար պետք է սահմանվեն համապատասխան տեղեր, ժամեր, նաեւ ստեղծագործությունների ցանկ պետք է լինի»,- ասում է Միքայել Մանրիկյանը։
Երեւանի ավագանու անդամը, սակայն, կարծում է՝ խելամիտ չէ խոշոր տուգանքներ սահմանել որպես պատժիչ միջոց։ Նոր նախագծով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացնել նոր 180.2-րդ հոդված՝ նախատեսելով, որ հանրային վայրերում կամ բացօթյա տարածքներում ստեղծագործական ելույթների իրականացման կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ`սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ`սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն համարվող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման»:
«Կարծում եմ՝ կարելի է ապավինել պարեկային ծառայությանը, որը, ուժեղացված ծառայություն իրականացնելով, կարող է վերահսկել այս ոլորտը եւ առանց տուգանքներ կիրառելու արգելել փողոցում ստեղծագործություններ ներկայացնելը, եթե նրանք խախտել են օրենքը»,- ասում է Միքայել Մանրիկյանը։
Ըստ նրա՝ կարելի է մի քանի ամիս այս փորձը կիրառել, հասկանալ՝ որքանով է պարեկային ծառայության հսկողությունն արդյունավետ, եւ եթե անհրաժեշտ լինի, նոր միայն անցնել տուգանքներ կիրառելուն, այն էլ փոքր չափի։
Ըստ ավագանու անդամի՝ հավանաբար այս օրենսդրական կարգավորումը դեռ որոշակիորեն կփոփոխվի։ Միքայել Մանրիկյանն ասում է՝ որոշ փաստերի պետք է ուշադրություն դարձնել․ ազնիվ չէ նույն չափի տուգանք սահմանել չսահմանված վայրում նվագող պրոֆեսիոնալ երաժշտի եւ շատ վատ նվագող այլ երաժշտի նկատմամբ։
Փողոցում ակորդեոն նվագող Արշակն էլ ասում է՝ լավ օրից չէ, որ ցրտին նստում են դրսում ու նվագում։
«Թող աշխատատեղ լիներ, գնայինք, աշխատեինք։ Երկու կոպեկ փող ենք վաստակում, հիմա էլ ուզում են տուգանե՞լ։ Այդ ի՞նչ վատ բան ենք անում, որ պիտի խոշոր տուգանքներ սահմանեն։ Ոնց ուզում ենք ապրել ու վաստակել, չի ստացվում փաստորեն»,- ասում է ակորդեոնահար Արշակը։
Կես տարի առաջ սաքսոֆոնահար Ռոբերտ Կրումինշն իր կնոջ հետ Հայաստան է ժամանել։ Նա Մարիուպոլում նվագում էր ռեստորանում, երբեմն էլ փողոցում, քանի որ սիրում է փողոցում նվագել ու նայել անցորդներին։ Երաժշտական քոլեջում է սովորել, հետո նաեւ կոնսերվատորիա է ընդունվել, բայց ուսումը կիսատ է թողել։ Ռոբերտը սիրում է ճամփորդել․ եղել է մի քանի եվրոպական երկրներում, սաքսոֆոն է նվագել փողոցներում։ Երբ պատերազմը սկսվեց, կնոջ հետ Մարիուպոլից տեղափոխվել է Լատվիա, հետո՝ Թուրքիա, ապա՝ Վրաստան, իսկ վերջում՝ Հայաստան։ Նա մեր երկրում փախստականի կարգավիճակ է ստացել, շարունակելու է Հայաստանում ապրել։ Կարող էր կյանքի բարձր որակ ունեցող մեկ այլ երկրում փախստականի կարգավիճակ ստանալ, բայց Հայաստանն է ընտրել, քանի որ այստեղ մարդիկ սիրում են իր ներկայացրած արվեստը, ջերմ են, իսկ ջուրն անմահական է․ այսպիսի համային որակներ ունեցող ջուր ոչ մի տեղ չկա։
«Ես Հայաստանը շատ եմ սիրում, կնոջս հետ այստեղ վարձով եմ ապրում։ Երբ Թուրքիայում էի, փորձեցի փողոցում նվագել, իրավապահները միանգամից արգելեցին, այնտեղ օրենքն է այդպիսին։ Հայաստանում նման արգելք չկա, իսկ եթե ինչ-որ օրենքներ, կանոններ սահմանվեն, ես պատրաստ եմ այդ օրենքների շրջանակում աշխատելու։ Հայաստանում մարդիկ արվեստասեր են․ կանգնում են, լսում, հիացած նայում․ դա ինձ մեծ էներգիա է տալիս»,- ասում է Ռոբերտը՝ ընդգծելով, որ լավ երաժիշտները նաեւ գործող օրենքի շրջանակում կարող են իրենց արվեստը ներկայացնել փողոցում։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։