ԱԺ «Հայաստան» խմբակցությունն օրերս «Հայաստանի ինքնիշխանության պահպանման հրամայականը» թեմայով քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ դատական համակարգի ներկայացուցիչներ։ Ելույթները հիմնականում Արցախի շուրջը ստեղծված իրավիճակի մասին էին՝ համեմված իշխանությունների հասցեին անխնա քննադատություններով։ Հնչած հայտարարություններում կարմիր թելի նման անցնում էր միտքը, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը հայտնվել է ինքնիշխանության կորստի առաջ։
Մենք, իհարկե, չենք խոսի «ինքնիշխանության»՝ որպես քաղաքագիտական հասկացության մասին։ 16–րդ դարից սկսած` փորձեր են եղել սահմանելու «ինքնիշխանությունը»։ Գործնականում այն իր արձանագրումը ստացավ Վեստֆալյան դաշնագրում, որով հաստատվեց աշխարհակարգը։
Ընդհանրապես, վերջին շրջանում Հայաստանում ինքնիշխանության մասին խոսելը դարձել է նորաձեւ, նաեւ՝ շատ շահեկան։ Խոսում է՝ ով կարող է։ Բայց ինքնիշխանությունը պահպանելու մասին ամենաշատն ու ամենաբարձրը խոսում են նրանք, որոնք ամենամեծ վնասն են տվել այս հարցում։ «Ինքնիշխանությունը» բացարձակ հասկացություն չէ, այն շատ կոնկրետ է՝ պրակտիկ դաշտում, գետնի վրա։
Մի քանի փաստ։ Հիշո՞ւմ եք, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին կասկածելի գործարքի միջոցով մասնավորեցվեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը՝ սկզբում 37 մլն դոլարի դիմաց օֆշորային ինչ-որ ընկերության, այնուհետեւ 73 միլիոնով ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ» ընկերության սեփականությունը դարձնելով։
Քոչարյանի պաշտոնավարման օրոք՝ 2006-ին, նույն ճակատագրին արժանացավ «Հայռուսգազարդը», որի՝ Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը 155 մլն դոլար պարտքի դիմաց ռուսական «Գազպրոմ» ընկերությանը տրվեց արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ 2014 թվականին։
Քոչարյանի նախագահության օրոք «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակում Հայաստանը Ռուսաստանին հանձնեց կարեւորագույն նշանակություն ունեցող 5 օբյեկտ՝ Հրազդանի ջերմակայանը՝ առանց 5-րդ բլոկի, «Մարս» գործարանը եւ 3 ընկերություն։
Հայաստանի էներգետիկ համակարգն ամբողջությամբ ՌԴ-ին հանձնելը ոչ այլ ինչ էր, քան երկրի ինքնիշխանության դեմ քայլ։ Սրանով օտարերկրյա, թեկուզ եւ ռազմավարական գործընկեր պետությանը տրվեց Հայաստանի վրա ազդեցության լուրջ լծակ։
Նույն շարքից է «Զվարթնոց» օդանավակայանի մասնավորեցումը կամ երկաթուղին ռուսական ընկերությանը կոնցեսիոն պայմանագրով հանձնելը։
Ի՞նչ եք կարծում, Միութենական պետությանն անդամակցելու մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի պարբերաբար արած հայտարարությունները ՀՀ ինքնիշխանության պահպանմա՞նն էին ուղղված, թե՞ ընդհակառակը։ Որքանո՞վ է համատեղելի «ինքնիշխանություն» հասկացությունը Միութենական պետությանն անդամակցելու գաղափարի հետ։
Վերը թվարկվածն ամբողջը չէ, այլ միայն ամենացայտուն օրինակները։ Ու հիմա ինքնիշխանության պահպանման մասին խոսում են այն ուժերը, որոնք ժամանակին ամենամեծ հարվածն են հասցրել ու դեռ շարունակում են նույն գործելաոճը։
Նույնն, ի դեպ, իշխանության դեպքում է․իշխանություն, որի անհեռատես քաղաքականության պատճառով տեղի ունեցավ 44–օրյա պատերազմն իր աղետալի հետեւանքներով, այսօր հանկարծ դարձել է ինքնիշխանության պահապան։ Անգամ երկրում հակակոռուպցիոն պայքարն են փորձում կապել ինքնիշխանության հետ ու խոսել այդ մասին՝ մյուս կողմից երկիրը դարձնելով մանրադրամ գերտերությունների հարաբերություններում։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: