Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Եգիպտոսի նախագահները, եգիպտական Շարմ էլ Շեյխում ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող Կլիմայի փոփոխությունների հարցերով 27-րդ համաժողովի շրջանակում համաձայնագիր են ստորագրել աշխարհում քամիով աշխատող խոշորագույն էլեկտրակայաններից մեկի համատեղ կառուցման մասին։
Նախագիծն իրականացնելու են Էմիրությունների կողմից՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում աշխատող Masdar ընկերությունը, եգիպտական կողմից՝ այդ երկրում վերականգնվող էներգետիկայի ոլորտում հայտնի Infinity եւ Hassan Allam Utilities ընկերությունները։
Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ավելի քան 20 միլիարդ դոլարի ներդրումային պորտֆել (համարժեք է 15 ԳՎտ հզորության) ունեցող Masdar ընկերությունից տեղեկացրել են, որ նոր նախագիծը լինելու է ոլորտում իրականացվելիք ամենախոշոր նախագիծը։
Էլեկտրակայանը պատրաստ լինելուն պես մաս կկազմի Եգիպտոսի նախաձեռնած «Կանաչ միջանցք» էլեկտրահամակարգին, որի նպատակը անցումն է վերականգնվող էներգետիկ աղբյուրներին։ Եգիպտոսն այս նախագծով մտադիր է մինչեւ 2035 թվականն իր էներգետիկ բալանսի 42 տոկոսն ապահովել վերականգնվող աբյուրներից ստացվող էներգիայով։ Սա նաեւ Եգիպտոսին կօգնի տարեկան տնտեսելու 5 միլիարդ դոլար, որն այժմ ծախսվում է բնական գազի ձեռքբերման վրա։
Պատրաստեց Արման Գրիգորյանը