Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնել է, որ Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին կանչվել է այդ երկրի ԱԳՆ, որտեղ իրանցի դիվանագետին դժգոհություն եւ մտահոգություն են հայտնել «Իրանի հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի եւ Իրանի բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական գործիչների սպառնալից հռետորաբանության վերաբերյալ»:
Ադրբեջանի ԱԳՆ-ի այս քայլը հայելային պատասխան է Իսլամական Հանրապետության գործողություններին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական առաքելության ղեկավար Ալի Ալիզադեն կանչվել է ԻԻՀ ԱԳՆ Բաքվի պաշտոնյաների ոչ բարեկամական հռետորաբանության պատճառով:
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Իրանը սատարում է Հայաստանին, նա նաեւ մի շարք հայտարարություններ էր արել իրանական բանակի զորավարժությունների կապակցությամբ։
Մինչ այդ Իրանի տեղեկատվության եւ ազգային անվտանգության նախարարությունը հայտնել էր հոկտեմբերին Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության մասին։