Երբ ասում ես, որ ԼՂ կարգավորման ամենաօպտիմալ տարբերակը 1997 թվականի «փուլայինն» էր, եւ մենք այդ բացառիկ հնարավորությունը ոչ թե բաց թողեցինք, այլ պարզապես զրոյացրինք, որոշակի շրջանակներից անմիջապես հակադարձում են․ «Իսկ ի՞նչ երաշխիք, որ Հեյդար Ալիեւը կհամաձայներ եւ կստորագրեր պայմանագիրը»։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգը սահմանված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ եւ շատ հստակ է․ առաջին փուլում բոլոր կողմերը (Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը) պետք է հասնեն պատերազմին վերջ տալու քաղաքական համաձայնության, որից հետո անցնեն ԼՂ կարգավիճակի որոշմանը։
Եվ եթե «փուլային» տարբերակը մերժեր Հեյդար Ալիեւը կամ վերջին պահին հրաժարվեր եւ չստորագրեր «խաղաղության» եռակողմ պայմանագիրը, ապա կհայտնվեր միջազգային ճնշման տակ, արտաքին քաղաքական մեկուսացման մեջ։
1998-ի «գաղտնիքը» դրանում է, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը եւ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը «ընտրեց» Հայաստանի մեկուսացման ճանապարհը։ 1992-1994 թվականների պատերազմը բոլոր առումներով էքզիստենցիալ էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, այլեւ Հայաստանի եւ նրա պետականության, տարածքային ամբողջականության համար։
Եվ դա միջազգային ընկալում էր։ (Հակառակ պարագայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կդատապարտեր Շուշիի ազատագրում-Լաչինի միջանցքի բացում ռազմագործողությունը, կպահանջեր զորքերի անհապաղ եւ անվերապահ դուրսբերում Ադրբեջանի ինքնիշխան տարածքից)։ Ահա այդ պատերազմում տառապանքով, ինչպես ժողովուրդն է ասում՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով հասնել քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական շոշափելի-առարկայական հաջողության եւ կտրուկ կեցվածք փոխել՝ սա տրամաբանության մեջ չտեղավորվող մի բան է, որ Վազգեն Սարգսյանը ձեւակերպել է, թե իրեն ավելի հարազատ է «օկուպանտ» անվանումը, քան «մազապուրծը»։ Սա ողբերգություն է, որի «բեմադրությունը» 1998-ի իշխանափոխությունն է։
Ողբերգություն է, երբ 2022-ի նոյեմբերի 9-ին հայ քաղաքագետը հարցնում է, թե ինչու աշխարհի եւ ոչ մի պետություն քառորդ դար մեզ մայիսի 9-ի առթիվ չի շնորհավորել, իսկ Ադրբեջանին, ահա, շնորհավորում են քառասունչորսօրյա պատերազմում «հաղթանակի համար»։ Մեզ չեն շնորհավորել, չէին շնորհավորի, չէին կարող շնորհավորել, որովհետեւ 1993-ի հունիս-նոյեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն չորս բանաձեւ է ընդունել եւ սատարել Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Քելբաջարի եւ մյուս տարածքների ազատագրումը միջազգային հանրությունը որակել է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքների բռնազավթում, օկուպացիա», իսկ օկուպանտին չեն շնորհավորում։
Ոչինչ մի օրում, ժամանակի մի փուլում չի իրականանում։ Պատերազմը նյութվում է տարիներով, տասնամյակներով։ Անկախությունից ի վեր ռուս-ուկրաինական հարաբերությունները միշտ բարդ են եղել, Ղրիմի եւ Սեւաստոպոլի հարցը՝ «փորձաքար»։ Այսօրվա իրավիճակը ծրագրավորված է 2008-ի Վրաստան ռուսական ներխուժման պահից։ Եվ դեռ հարց է՝ ինչ է «անելու» Մոսկվան Աբխազիայի հետ, Մերձդնեստրի հետ։ 1998-ի «գաղտնիքն» այն է, թե Վազգեն Սարգսյանը «բանաստեղծական պոռթկումո՞վ է օկուպանտ ինքնանվանվել», թե՞․․․
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի խոսքում թափանցիկ արձանագրում կա, որ ԼՂ խնդիրն ընդամենը պատրվակ է, իրականում «բանավեճը» հայկական պետականության հիմունքների շուրջ է։ Իսկ դա նշանակում է, որ իշխանափոխությունն ունեցել է աշխարհաքաղաքական «մոդելավորում»։ Ում էր ձեռնտու, որ Հայաստանը մնա «օկուպանտի» դերում՝ ենթադրություններ չեմ անի։ Բայց համեմատությունը գալիս է ինքնին։ 2018-ի «թավշյա հեղափոխության» մասին Սերժ Սարգսյանն ասում է, որ պարտվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ արտաքին ազդեցիկ ուժերի։
Գրեթե բոլորն են պնդում, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ» ձեւակերպմամբ Նիկոլ Փաշինյանը «փակել է բանակցությունների պատուհանը»։ Նրան նույնիսկ մեղադրում են պատերազմ հրահրելու համար։ Բայց եթե «օկուպանտի» կերպարն ավելի հարազատ էր, քան «մազապուրծինը», եւ դա երկու տասնամյակ մեր ազգային-քաղաքական եւ անգամ պետական գերիշխող նարատիվն էր, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ կամ հանուն ինչի՞ պիտի հրաժարվեր կամ հերքեր։ Պատերազմից խուսափելո՞ւ, մարդկային կյանքեր խնայելո՞ւ համար։ Իհարկե։ Նա պարտավոր էր զոհաբերել քաղաքական ռենոմեն։
Բայց կարո՞ղ էր։ Մենք տեսնում ենք ժամանակի «փրփուրը», խորքում ինչ կա՝ անիմանալի է։ Իսկ առանց խորքային «եռման» իմացության բացարձակապես անհնար է որեւէ հեռանկարի կանխատեսում անել։
1997-1998-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտե՞ր կամ զգո՞ւմ էր, որ մեկ տասնամյակ հետո Արեւմուտք-Ռուսաստան «ֆլիրտն» ավարտվելու, սկսվելու է առճակատումը։ Դժվար է ասել։ Բայց 1997-ը Ռուսաստան-Չեչնիա «խասավյուրտյան համաձայնության» տարին է։ Ավելի վաղ ԱՄՆ-ը հասել էր «Դեյտոնյան համաձայնագրի» կնքմանը։ Աշխարհաքաղաքական ժամանակը «փափուկ-փոխզիջումային» էր, եւ Հեյդար Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հետ ենթադրվող երկխոսության «սեղանին» իրեն ավելի համարձակ չէր զգա, քան Ելցինը՝ Իչկերիայի առաջնորդ Ասլան Մասխադովի հետ բանակցություններում։
Ո՞ւմ էր ձեռնտու, որ Հայաստանը մնար «օկուպանտ», 1998-2018-ի քսանամյակի գաղտնիքը դա է։ Եվ պետք չէ, որ այն հանրայնորեն բացվի։ Բայց Հայաստանը միայն դրանից ձերբազատվելու դեպքում կարող է վերագտնել արժանապատիվ ինքնություն։ «Պատժված օկուպանտի» կերպարը խարան է․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։