Գյումրեցի Կարապետյանների ընտանիքը կազմավորման օրվանից երբեք տուն չի ունեցել։ «Տուն չունեինք, բայց հույս ունեինք»,- ասում է տանտիկինը՝ հիսունամյա Մարգարիտա Աբրահամյանը։ Նա միշտ երազել է, որ մի օր, մի հրաշքով ինքն էլ իր բնակարանը կունենա, որտեղ կլինեն տարրական հարմարություններ՝ ջուր, գազ, կոյուղի, բաղնիք ունենալը ամենահամարձակ երազանքներից է։ Մարգարիտան ասում է՝ իր եւ ամուսնու առողջության հետ նաեւ ապագայի հույսն է լքել իրենց։ «Որ երիտասարդ ու առողջ ժամանակ այդքան ձգտեցինք ու ոչնչի չհասանք, հիմա էլ ինչ․․․ Առանց հույսի ապրելը շատ ավելի է դժվարացել»։
Վարձով տնից տուն տեղափոխվող ընտանիքը վերջին հինգ տարին ցածր վարձավճարով ապրում է Նորավան թաղամասի հին, գյումրեցիներին առավել հայտնի՝ Գծի հետեւի բնակության համար գրեթե ոչ պիտանի տներից մեկում։ Տանտերն արտերկրում է, եթե գա, որոշի տունը վերցնել, վերակառուցել, Կարապետյաններն իրենց անչափահաս դստեր հետ այս կիսախարխուլ տանիքից էլ կզրկվեն։ Օրեցօր աստղաբաշխական թվերի հասնող տան վարձավճար տալու հնարավորություն չունեն։ Ամուսիններով օրավարձով աշխատանք են գտնում, մի կերպ միայն հացի ու տան վարձի խնդիր լուծում։
Որ պետությունը, պատկան կառույցները երբեւէ աջակցություն ցուցաբերած լինեն, նման դեպք չեն հիշում։ Տեղական իշխանության որեւէ ներկայացուցչի երբեք չեն տեսել, սոցաշխատողի՝ առավել եւս։ Կառավարության անդամներից ոմանց դեմքը ծանոթ է իրենց միակ էլեկտրատեխնիկայի՝ մեկումեջ աշխատող անտիկվար հեռուստացույցի էկրանից միայն։
«Թոշակ, ընտանեկան աջակցության նպաստ չենք ստանում»,- ասում է Մարգարիտան։ Մեր հարցին, թե ինչու ընտանեկան նպաստ չեն ստանում, բա էլ ո՞վ, եթե ոչ իրենք, Մարգարիտան անկեղծ պատասխանում է. «Չեմ կարողանում նպաստ դասավորել․․․»։
Ձմռան գալուն պես, ինչպես գյումրեցի բազմաթիվ ընտանիքներ, Կարապետյանները եւս սկսում են մաքառել սառնամանիքի դեմ։ Տան հայրը՝ Մանվելը, խանութների բակերից արկղեր է հավաքում վառելու համար, բայց չեն տաքանում. չցրտահարվեն էլ, էլի գոհ են։ Ընտանիքին վառելափայտով օգնում է միայն «Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով Շիրակի մարզում ծայրահեղ աղքատ է բնակչության 49 տոկոսը։ Այստեղ զավեշտն այն է, որ Կարապետյանները, ըստ պետության, աղքատ չեն եւ չեն կարող օգտվել ընտանեկան նպաստից։ Ըստ այդ տրամաբանության՝ շիրակցիների կեսն ավելի աղքատ է, քան Կարապետյանները։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։