Զեդեա տանող ճանապարհին մի հին ռանչոյից մնացած փայտակույտն ու հազիվ կարդացվող ցուցանակը հուշում են՝ գյուղն ակտիվ է եղել: Վայոց ձորի մարզի գլխավոր մայրուղուց այս փոքրիկ գյուղը յոթ կիլոմետր է հեռու, բայց այդ ճանապարհն անցնելու համար նվազագույնը կես ժամ է պետք, այն էլ եթե վարորդը հմուտ է, ավտոմեքենան՝ «բարձր»:
Ճանապարհը նորոգելու խոստումն արդեն բոլորել է երեք տասնամյակը: Զեդեան 1988-ից է վերաբնակեցվել հայերով: Նախիջեւանի Ազնաբերդից (Զնաբերդ) եկած հայ ընտանիքները ադրբեջանաբնակ գյուղում ապրողների հետ տների փոխանակում են արել, հաստատվել Զեդեայում:
Զնաբերդցի Վարդուշ տատի ընտանիքը նրանցից մեկն է: Տատը լավ է հիշում Զնաբերդում թողած երկհարկանի տունը, որի դիմաց Զեդեայում ադրբեջանցի Իսային երկու փոքրիկ օթյակ էր առաջարկել: Իրենք են տարեցտարի աշխատել, տուն-տեղ դրել, երեխաներին մեծացրել:
Սոս պապն էլ գյուղի սկզբնամասում է ապրում: Երկու տուն է կողք կողքի դրել, շենացրել: Հիմա մեկը դատարկ է, որդու ընտանիքը ստիպված տեղափոխվել է Վայք: Վստահ է՝ թե ճանապարհն այդ վիճակում չլիներ, իր որդին էլ, մյուսների որդիներն էլ գյուղից գնացողը չէին:
Պապն ամեն օր նայում է Զեդեա բերող ճանապարհի քարակույտին ու փորձում հիշել՝ այդտեղ վերջին անգամ երբ է հարսանքավորների խմբի տեսել: Սրտնեղում է՝ Զեդեա հարս չեն գալիս, գյուղի ջահել աղջիկներն ամուսնանում, գնում են, երիտասարդ՝ մոտ երեսուն տարեկան տղաները՝ մնում: Կինը՝ Մարետ տատը, միջամտում է՝ ով լինի, իր ջահել աղջկան էդ ճանապարհով հարս ուղարկի, հետո էլ ամուսնուն հարցնում է՝ դու քո աղջկան, թոռանը կուղարկեի՞ր։
Սոս պապի որդին՝ Արմեն Սիմոնյանը, անգիր գիտի գյուղ տանող ճանապարհի ամեն քար ու փոսի տեղը: Գյուղի աշակերտներին Վայք տանող երթուղայինն է վարում: Տղան՝ Սոսը, հիշում է, որ ձմռան ամիսներին այնքան ձյուն է եղել, որ երբեմն ստիպված ոտքով են գնացել Վայք: Տարիներ շարունակ ընտրությունից ընտրություն եկել են, վերանորոգման խոստման դիմաց ձայներ հավաքել, գնացել: Այս անգամ էլ խոստացել են 2023-ին այդ հարցը վերջնականապես փակել:
Գյուղացիներն էլ չեն հավատում: Բնակավայրի վարչական ղեկավարը՝ Սուրեն Սարգսյանը, լավատեսորեն է տրամադրված: Հավատում է՝ իրենց գյուղն էլ շուտով ասֆալտ կտեսնի:
Վարչական կենտրոնի փոքրիկ շենքում գյուղի ամբողջ բնակչությունը կարող է տեղավորվել:
Այնտեղ են տեղակայված բուժկետը, դպրոցը, հանդիսությունների սրահը: Հիսուն աշակերտի համար նախատեսված 9-ամյա դպրոցում ընդամենը ինն աշակերտ է սովորում: Այս տարի ո՛չ առաջին դասարանցի է եղել, ո՛չ էլ ավարտող կլինի: Յոթերորդ դասարանցի Մանեի դասարանն ամենամեծերից է՝ երեք աշակերտ ունի: Ապագա բժշկուհին լավ է սովորում, ասում է՝ դպրոցում մի դասարանի պես են, իրենք են իրենց առօրյան հետաքրքիր դարձնում, տարբեր խաղեր կազմակերպում:
Մայրը՝ Լուսինե Խուրշուդյանը, Զեդեայի ամենաակտիվ բնակիչներից է: Տարբեր նախաձեռնություններ են անում, բայց սրտնեղում է՝ միայն իրենցից կախված չէ: Գյուղը պետական ու մասնավոր աջակցության կարիք ունի: Ասում է՝ գոնե երեւանյան դպրոցների փոխելու կահույքը, խաղասարքերը կարող են ուղարկել հեռավոր գյուղեր, դա էլ չեն անում: Գյուղի շնորհալի երեխաները ո՛չ սպորտի դասերի կարող են գնալ, ո՛չ արվեստի որեւէ ճյուղով զբաղվել, ու շատերի տաղանդն այդպես էլ չբացահայտված է մնում: Գյուղը սիրում են, ասում են՝ իրենց միայն ճանապարհ է պետք, կաշխատեն, ե՛ւ իրենց կպահեն, ե՛ւ գյուղը, միայն թե զգան՝ մոռացված չեն:
Գյուղի քանդված ճանապարհը ոչ միայն ապագայի հույսերն է մարում, այլեւ խանգարում է օրվա խնդիրներով զբաղվելու: Զեդեայում խանութ չկա, ու եթե տարիներ առաջ գոնե ապրանք վաճառող մեքենաներ էին գնում գյուղ, հիմա դրանք էլ չկան: Բնակիչներն էլ իրենց բերքը վաճառել չեն կարողանում:
Քանի որ ճանապարհի վերանորոգումից հույսը կտրել են, փորձել են որոշակի տեղային լուծումներ գտնել: Համայնքը կաթի սառնարան է ձեռք բերել, որ գոնե ամեն օր ստիպված չլինեն կաթը Վայք կամ Եղեգնաձոր տանել:
Հասմիկի բակում տեղադրված սառնարանում մի քանի օր հավաքում են կաթը, տեղափոխում ու ջրի գնով էլ վաճառում՝ լիտրը 160-180 դրամով: Հասմիկը կեսկատակ–կեսլուրջ ասում է՝ աշխատում են ավտոմեքենա վերանորոգելու համար, իրենցից շատ էլ ծախսում տեխնիկայի վրա:
Գյուղում խանութ չլինելն էլ մտավարժանքի հնարավորություն է տվել: Ամեն անգամ ցուցակ են գրում, գնում Վայք ու սովորել են ոչինչ չմոռանալ: Զեդեա եկողները գիտեն՝ գյուղացիները չեն սիրում, երբ անակնկալ հյուրեր են ունենում. պիտի նախապես տեղեկանան, որ հասցնեն քաղաք հասնել, պատրաստություն տեսնել:
Զեդեայում իրենց որպիսությամբ հետաքրքրվող ցանկացած անձի ժպիտով են դիմավորում, բայց չեն թաքցնում՝ անգիր գիտեն հարցերն էլ, դրանցից հետո իրենց անփոփոխ մնացող առօրյան էլ:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: